Մատչելի հղումներ

Այսօր միջնորդների համար ղարաբաղյան կարգավորման առաջնահերթ մարտահրավերն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին իրական բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը: Այս մասին Ատլանտյան Խորհրդում անցած քննարկման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը.

«Մեր նպատակն է օգնել կողմերին քաղաքական կամք ցուցաբերել եւ կատարել այն վերջին խիզախ քայլը՝ հաղթահարելով եղած տարաձայնությունները եւ խաղաղություն ու կայունություն հաստատել իրենց երկրներում»:

Դեսպանի խոսքով, այսօրվա պայմաններում նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումն անհրաժեշտություն է դարձել.

«Մենք կցանկանայինք, որպեսզի նախագահները կրկին հանդիպեն, որքան շուտ՝ այնքան լավ: Դեմ առ դեմ երկխոսությունն անփոխարինելի է, եւ համանախագահները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը ցանկացած ժամի»:

Հոգլանդը միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ հենց կողմերն իրենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն տեւական խաղաղության հաստատման համար: Դեսպան Հոգլանդը ողջունելի է համարում նույնիսկ միակողմանի քայլերը, որոնք կապացուցեին նվիրումը խաղաղ գործընթացին :

Քննարկմանը մասնակցող մյուս վերլուծաբանների կարծիքով սակայն Հարավային Կովկասում ստեղծ իրավիճակում, թվում է թե Միացյալ Նահանգները նահանջել է եւ տարածաշրջանի երկրներն իրենց անվտանգությունն այլեւս չեն կապում ԱՄՆ-ի հետ, որի հետեւանքներից մեկն էր նաեւ նախորդ տարվա ապրիլյան պատերազմը:

«Իսկ ինչո՞ւ ստեղծված անկայուն իրավիճակում կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն բանակցություններում», - Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը կարծում է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Հարավային Կովկաս վերադառնալ:

Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը համոզված է, որ տարածաշրջանում ստեղծված ներկա իրավիճակում կողմերի վարած ռազմավարությունն իրականում հասկանալի է.

«Ուստի, եթե միջնորդներն իրոք ամեն ինչ անում են եւ խնդիրը քաղաքական կամքի բացակայությունն է, ապա անհրաժեշտ է փոխել տարածաշրջանում ստեղծված ամբողջ իրավիճակը, որպեսզի կողմերն անեն իրենց հաշվարկը նոր պայմաններում եւ այլ արդյունք ստանան»:

Նշենք, որ Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան արդեն հուլիսին։

Facebook Forum

XS
SM
MD
LG