Հանրապետականների առաջնորդներն ու նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքներ էին տանում այդ ուղղությամբ՝ օրենսդիրներին համուզելով քվեարկել ի օգուտ նոր մշակած Ամերիկյան առողջապահության մասին օրինագծի, որը առաջ է քաշվել նոր վարչակազմի կողմից Օբամաքեյրը փոխարինելու համար:
Չորեքշաբթի օրվա դրությամբ ևս երկու կոնգրեսականներ հայտարարեցին նոր օրինագծին աջակցելու մասին:
«Նախագահը մշտապես հեռախոսով կապի մեջ էր կոնգրեսականների հետ: Փոխնախագահը, աշխատակազմի ղեկավարը և այլ աշխատակիցներ բանակցում էին օրենսդիրների հետ, լսում նրանց մտահոգությունները: Կարծում եմ՝ մենք կարողացանք առաջ քաշել չափազանց լավ օրինագիծ, որը կփոխարինի Օբամաքեյրին»,- հայտարարել է նախագահի խոսնակ Շոն Սփայսերը:
Օբամաքեյրը ստիպում էր ապահովագրական ընկերություններին բժշկական ապահովագրություն տրամադրել անապահով խավին: Արդյունքում 20 միլիոն մարդ, ովքեր զրկված էին նախկինում ապահովագրություն ունենալու հնարավորությունից, ստացան այն Օբամաքեյրի միջոցով:
Հանրապետականները դեմ էին այս օրենքին՝ ընդգծելով, որ այն արդարացի չէ և չափազանց ծախսատար:
Իր հերթին դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին քննադատել է հանրապետականների առաջարկած նոր օրինագիծը՝ ընդգծելով, որ այն միլիոնավոր ամերիկացիներին կզրկի բժշկական ապահովագրությունից:
Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության ընթացքում հանրապետականների առաջադրած առողջապահական օրինագիծը ընդունվեց մեծ դժվարությամբ 217 կողմ 213 դեմ հարաբերակցությամբ: Սա փաստորեն նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոշոր հաղթանակն է օրենսդիր դաշտում:
Օրինագիծն այժմ պետք է քննարկվի Սենատում, սակայն այստեղ հանրապետականներն ունեն ընդամենը 52 ձայներ, ուստի դեռևս անհայտ է ինչպիսի ճակատագիր կունենա այն ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատում:
Facebook Forum