Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օրենսդիրները իրազեկել են Միացյալ Նահանգներում գործող բոլոր ավիաուղիներին հաճախորդների սպասարկման ոլորտում ակնկալվող պարտադիր բարեփոխումների վերաբերյալ:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի կոնգրեսի փոխադրամիջոցների հանձնաժողովում անցկացվեց՝ ամերիկյան United Airlines ավիաընկերության օդանավից անցած ամիս բռնի ուժով հեռացված հաճախորդի գործով լսումը:

«Ցանկացած բացասական միջադեպ առիթ է հանդիսանում կարևորագույն հարցերի վերանայման և անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար: Եվ եթե ավիաընկերությունները պատրաստ չեն համատեղ ջանքերի միջոցով կարգավորել առկա խնդիրները, ապա, ինչպես նշեցին պարոն Գիբսն ու պարոն Կապուանոն, մենք կդիմենք այլ քայլերի՝ օգտագործելով մեր լծակները», նշել է ԱՄՆ-ի կոնգրեսի փոխադրամիջոցների հանձնաժողովի նախագահ Բիլ Շուստերը:

United Airlines ավիաընկերության գործադիր տնօրեն Օսկար Մունյոսը ներողություն էր խնդրել ապրիլի տասին ընկերության օդանավից նախքան չվերթը բռնի ուժով հեռացված Դեյվիդ Դուոյից, ով հրաժարվել էր լքել օդանավը ավիաընկերության սխալի՝ տեղերից ավելի մեծ թվով տոմսերի վաճառքի պատճառով:

«Խոշոր ավիափոխադրողները կարող են պարծենալ միլիոնավոր դոլարների ներդրումներով, սակայն իրականություն այլ է: Այդ ներդրումները հիմնականում նպաստում են առաջին կարգի ուղևորներին բարձրակագ ծառայություն տրամադրելուն, այլ ոչ՝ սովորական հաճախորդների պայմանների բարելավմանը: Մարդիկ մեծ գումարներ են վճարում, որի դիմաց ճամփորդում են նեղ նստատեղերում՝ արժանանալով անհարգալից վերաբերմունքի», հայտարարել է Սպառողների միությունից Վիլիամ Մքգին:

United Airlines ավիաընկերության գործադիր տնօրեն Օսկար Մունյոսը և մրցակից՝ American, Southwest and Alaska Airlines ավիաընկերությունների տնօրենները նույնպե ներկա էին Կոնգրեսի փոխադրամիջոցների հանձնաժողովի լսմանը:

Այս և այլ ամերիկյան ավիաընկերությունները ապրիլ ամսի այս աղմկահարույց միջադեպից հետո վերանայել են ամրագրումների հետ կապված իրենց քաղաքականությունը:

XS
SM
MD
LG