Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության նկատմամբ Վաշինգտոնի թուրքական համայնքի ղեկավարներից Գյունայ Էվինչի մոտեցումները


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Վաշինգտոնի թուրքական համայնքի ղեկավարներից Գյունայ Էվինչի հետ
please wait

No media source currently available

0:00 0:06:30 0:00

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ ապրիլի 24-ին անցկացված ցույցից հետո ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությունը որոշեց զրուցել Թուրք-ամերիկյան ազգային վերստուգիչ հանձնաժողով անվանումը կրող կազմակերպության նախագահ Գյունայ Էվինչի հետ՝ լսելու համար թուրքական կողմի մեկնաբանությունները։

Հարցազրույցը ներկայացնում ենք փոքր կրճատումներով ու առանց մեկնաբանության։

ԱՁ. Հնարավո՞ր է արդոք սկսել կամ վերսկսել հաշտեցման գործընթաց Ամերիկայի հայ ու թուրք համայքների մակարդակով։

ԳԷ. Ամերիկայի ձայնի հայկական ծառայության տաղավարում մեր այս հանդիպումը նույնպես մեկ հնարավորություն է երկխոսություն սկսելու համար։ Սակայն գործընթացը պիտի լինի ավելի ընդգրկուն՝ ավելի մանրամասն, անկեղծ ու անաչառ կերպով քննարկելու համար անցյալը մեր երկու համայնքների միջեւ։ Ամենակարեւորը երկու կողմերից խիզախություն ցուցաբերելու հանգամանքն է։ Հարկավոր է խոսել միմյանց հետ, այցելել միմյանց, այնպես ինչպես հիման մենք ենք խոսում։ Չեմ կարծում, որ հայերն իրենց նախնիների բնակավայրերն այցելելու, հայկական եկեղեցիները ու մշակութային մյուս կոթողները Թուրքիայում տեսնելու համար պիտի մեծ շրջան կատարեն Վրաստանի միջով։ Շատ գովելի էր Ախթամարի եկեղեցու վերանորոգումը, բայց ավելի լավ կլիներ, եթե վերականգնվեր նաեւ Անին։ Սա երկխոսության ամենագեղեցիկ հատվածը կարող է լինել։ Դուք երեք զավակ ունեք, ես՝ երկու։ Ու գիտեմ, որ երբ նրանք սկսեն զրուցել, կկարողանան լուծել հարցեր։

ԱՁ. Ո՞րն է երկխոսություն սկսելու համար այն հիմքը, որն այսօր բացակայում է։

ԳԷ. Այդ հիմքը պիտի ստեղծեն կազմակերպությունները։ Հայերն ու թուրքերը շատ զգայուն ժողովուրդներ են։ Ու երբ միմյանց մեղադրում ենք որեւէ ծայրահեղ երեւույթի մեջ, մեր մտքերում կառուցում ենք բաժանարար պատեր։

Ես մասնակցում էի ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց անցկացված ցույցին՝ թուրքական կողմում։ Սակայն այդ օրը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ հանդիպման ժամանակ մենք ձեռքով ողջունեցինք միմյանց ու կարճ գրկախառնվեցինք։ Այսինքն, կան նշաններ, որոնք խոսում են երկխոսելու հնարավորության մասին։

Ինձ նույնպես պետք է քննադատել երկխոսություն սկսելու հարցում շատ քիչ գործ իրականացնելու համար։ Գիտեմ, որ ես որպես Թուրք-ամերիկյան ազգային վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, կարող եմ սկսել այդ գործընթացը, եւ հավատում եմ, որ հայկական կազմակերպությունները կգնահատեն նման գործընթաց սկսելու կարեւորությունը։

ԱՁ. Դուք իսկապե՞ս կարծում եք, որ Վաշինգտոնում հայկական ու թուրքական համայնքները կարող են խոսել, երբ ապրիլի 24-ին թուրքական կողմն իր բարձր երաժշտությամբ կարծես տոնում է հակադիր մայթին կանգնած հայերի վիշտը։ Չէ որ դա առնվազն գեղեցիկ չէ։

ԳԷ. Գիտեք, այդ օրը հայկական կողմը հնչեցնում է հայրենասիրական երգեր։ Դրան թուրքական կողմը պատասխանում է իր հայրենասիրական երգերով։ Բայց ես կուզենայի, որ այդ օրը դեսպանատան առջեւ հայտարարվեր լռության րոպե՝ Առաջին աշխարհամարտի տարիներին երկու կողմերի զոհերի համար։

ԱՁ. Իսկ չե՞ք կարծում, որ Առաջին համաշխարհայինի տարիներին հայերը ենթարկվել են դիտավորյալ ջարդի։

ԳԷ. Այո, ջարդերը դիտավորյալ էին, սակայն հենված չէին ատելության վրա, ինչը ցեղասպանություն եզրի ամենաբաղկացուցիչ մասն է։ Բայց մենք չենք գտնում, որ այդ ջարդերի հիմքում եղել է ատելությունը։ Հարկավոր է, որ հիմա մենք հասկանանք միմյանց ցավը եւ կրած կորուստները։

ԱՁ. Ուզում եմ հիշեցնել, որ ցեղասպանություն եզրը ոչ թե ատելության չափով է որոշվում, այլ ազգային կամ կրոնական հենքի վրա որեւէ ժողովրդի կամ նրա մի հատվածին ոչնչացնելու հանգամանքով։ Այնուամենայնիվ, կգա՞ մի օր, որ թուրքական համայնքը անցնի փողոցը, ու ապրիլի 24-ը տոնելու փոխարեն, սգա հայերի հետ միասին։

ԳԷ.Կարծում եմ, որ ամենալավ լուծումը կենտրոնում հանդիպելն է։

ԱՁ. Իսկ գոնե կենտրոնում հանդիպելու համար չի՞ խանգարում այն հանգամանքը, որ Թուրքիայում դեռ այսօր էլ շարունակում են մզկիթների վերածել հայկական եկեղեցիները։ Օրինակներ են Կարսի կամ Էրզրումի եկեղեցիները։

ԳԷ. Եթե հավելյալ տեղեկություններ ինձ տրամադրեք այդ մասին, ես կուսումնասիրեմ դրանք։

ԱՁ. Դիտե՞լ եք ՝՝Խոստում՛՛ կինոֆիլմը։

ԳԷ. Դեռ ոչ, սակայն անպայման պիտի դիտեմ, ու իմ բոլոր գործընկերն են դիտելու այն։

ԱՁ. Թուրքիայի նախագահն ապրիլի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ, եթե նույնիսկ չի խոսվում ցեղասպանության մասին, նաեւ չի հերքվում հայերին դիտավորյալ ջարդի ենթարկելու փաստը։ Ուրեմն, ինչո՞ւ այդ դեպքում Թուրքիան չի ասում ՝՝ներողություն՛՛։

ԳԷ. Երկրները սովորաբար ընդունում են կատարվածը՝ առանց հանցանքն ընդունելու։ Բարաք Օբաման նույնպես այցելեց Հիրիսիմա ու Նագասակի, ընդունեց կատարվածը, սակայն ներողություն չխնդրեց։ Այդ մակարդակներում նման սահմաններ չեն հատում։ Այդ հարցերում նրանք ստանում են իրենց ազգային անվտանգության ու մյուս ծառայությունների խորհուրդները։

ԱՁ. Կուզենայի՞ք ինչ որ բան ավելացնել։

ԳԷ. Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ներողություն եմ խնդրում, եթե իմ որեւէ խոսք կամ միտք ինչ որ կերպ վիրավորեց որեւէ մեկի։ Բայց նորից եմ ուզում ասել, որ մտադրությունս բարի է։

Ուզում եմ բոլորին Հայաստանում ու Միացյալ Նահանգներում հայերեն ասել ՝՝բարեւ՛՛։ Նաեւ ասում եմ ՝՝հաջող՛՛ հույսով, որ նորից կհանդիպենք։

Facebook Forum

XS
SM
MD
LG