Մատչելի հղումներ

Պետքարտուղարությունում բազմաթիվ պաշտոններ դեռևս մնում են թափուր


Marc Toner
Marc Toner

Հյուսիսային Կորեայի և այլ խնդիրների հետ մեկտեղ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամիսներին կարողացել է հասնել ընդամենը 2 դեսպանների հաստատմանն ու ներկայացնել միայն 5 դեսպանների թեկնածություններ:

Դեռևս ներկայացված չէ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը: Թափուր է նաև Ասիայի և խաղաղօվկիանոսային տարածաշրջանի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը:

Վերլուծաբան Թոմաս Ռայթն ասում է, որ նման իրավիճակն աննախադեպ է:

«Եթե նայենք, օրինակ, վերջին գագաթաժողովին Չինաստանի նախագահի հետ, ապա կտեսնենք, որ թվով շատ քիչ ասիական հարցերով փորձագետներ են նշանակվել բարձրաստիճան պաշտոններում, իսկ նման մարդիկ չափազանց կարևոր են նման գագաթաժողով կազմակերպելու հարցում: Նման մոտեցումը կարծում եմ վնասարար ազդեցություն է թողնում»,- ասում է փորձագետը:

Սակայն պետքարտուղարությունն հերքում է խնդրի առկայությունը:

«Կարող եմ հավաստիացնել բոլորին ԱՄՆ-ում և աշխարհում, որ թափուր տեղեր չկան, քանի որ պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետները, որոնք ունեն մեծ փորձառություն, լիարժեք աշխատում են որպես պաշտոնակատարներ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:

Պաշտոնաթող դեսպան Ռոն Նյումանը կարծում է:

«Սպիտակ Տանը մի փոքր խումբ մարդիկ են, ովքեր վերահսկում են շատ բաներ և այդ խմբում կան տարաձայնություններ: Ուստի հնարավոր է, որ այդ խումբը չափազանց զբաղված է այլ հարցերով, որի արդյունքում նշանակումները ուշանում են»,- ասում է դեսպան Նյումանը:

Փորձագետների կարծիքով չեն բացառվում նաև ներքաղաքական պատճառներ, քանի որ Թրամփի շուրջն եղած մարդիկ փորձում են վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր քննադատել են Թրամփի թիմը քարոզարշավի օրերին, անգամ հանրապետականներին: Դրա արդյունքում, սակայն, ստեղծվում է կադրերի սղություն կարևոր բարձրաստիճան պաշտոնների համար:

Ներկա արտաքին քաղաքականության մարտահրավերների պարագայում, ինչպիսին են Սիրիան եւ Ռուսաստանը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարիք ունի արագ լրացնելու թափուր պաշտոնները՝ արդյունավետության ապահովման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG