Մատչելի հղումներ

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցի համաձայն, մամուլի ազատության մակարդակով Հայաստանն աշխարհում 79-րդ տեղում է գտնվում՝ Հունաստանի, Ճապոնիայի եւ Իսրայելի հարեւանությամբ: Հայաստանից առաջ է Վրաստանը, Հայաստանից հետո՝ Մոլդովան:

Զեկույցի հեղինակները Հայաստանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը հակասական առաջընթաց են անվանում: Որպես կարեւորագույն ձեռքբերում նշվում է Սահմանադրական Դատարանի 2015-ի որոշումը հօգուտ լրատվամիջոցների, որը թույլ է տալիս լրագրողին չբացահայտել տեղեկատվության աղբյուրը: «Սակայն ոստիկանական բռնությունն ընդդեմ լրագրողների շարունակվում է եւ դեռեւս անպատիժ մնում», - ավելացնում են զեկույցի հեղինակները: Թեեւ հետաքննչական լրագրությունը զարգանում է առցանց լրատվամիջոցներում, ավանդական հեռուստատեսության ոլորտն ունի բազմակարծության պակաս:

Հայաստանից ու Վրաստանից բացի՝ տարածաշրջանի մյուս երկրներում մամուլի ազատության մակարդակն անհամեմատ ցածր է: Ռուսաստանում հեռուստատեսությամբ տարածվում է պրոպագանդա, իսկ Թուրքիայում նախագահ Էրդողանը լրագրողների դեմ վհուկների որս է սկսել:

Ինչ վերաբերում է Աբրբեջանին եւ Իրանին, ապա դրանք աշխարհի 20 լրագրողների համար առավել անազատ երկրների ցուցակում են հայտնվել: Այսպես, Իլհամ Ալիեւն իր երկրում ոչնչացրել է բազմակարծության բոլոր ձեւերը՝ բանտարկելով իրեն քննադատող լրագրողներին ու բլոգերներին:

Ընդհանուր առմամբ 2017-ը նշանավորեց մամուլի ազատության անկումը: Հատկապես դա ցավալի է գրանցել զարգացած ժողովրդավարական երկրներում, նշվում է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցում: «Այսօրվա աշխարհում մամուլի վրա ճնշումները սովորական երեւույթ են դարձել, իսկ ուժեղի իրավունքը հաճախ գերակայում է: Մենք ապրում ենք ընտրովի ճշմարտության, քարոզչության եւ ազատության դեմ ճնշումների դարաշրջանում»,- նշում են զեկույցի հեղինակները:

«Նախորդ տարվա համեմատ, մամուլի ազատության մակարդակն այս տարի վատթարացել է, եւ լրագրողների համար ավելի բարդ է ազատ կատարել իրենց աշխատանքը», - ասում է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության ներկայացուցիչ Յասմին Քաչան:

Մամուլի ազատության տեսանկյունից աշխարհի առաջատարը Նորվեգիան, Շվեդիան եւ Ֆինլանդին են: Լրագրողների համար ամենաանազատ եւ վտանգավոր երկրներն են՝ Թուրքմենստանը, Էրիթրեան եւ Հյուսիսային Կորեան:

Facebook Forum

XS
SM
MD
LG