Մատչելի հղումներ

Հայաստանը փորձում է ներդրումներ գրավել Վաշինգտոնում


«Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալու քո երկիր, դրա համար դու պետք է աշխատանք տանես», - Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում այս օրերին մասնակցում էր Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Գարնանային նստաշրջանում: Նրա կարծիքով, նման միջոցառումները լավ հարթակ են հնարավոր ներդրողներին Հայաստանի ներդրումային միջավայրի մասին պատմելու համար.

«Երբ դու ինչ-որ բարեփոխումներ ես կատարում եւ դա մնում է միայն Հայաստանի Հանրապետության ներսում, դա այնքան էլ լավ չէ: Ճիշտ կլինի, որ դա նաեւ Հայաստանի սահմաններից դուրս գա եւ բոլորը տեղյակ լինեն, որ Հայաստանն առաջավոր է»:

Վարդան Արամյանի խոսքով, հարցազրույցից րոպեներ առաջ ինքը մասնակցում էր խոշոր Merrill Lynch ընկերության կողմից խոշոր ներդրողների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանի աշխատանքներին.

«Կարեւոր է, որպեսզի ընկալումը ներդրողների մոտ բարձրանա, որ Հայաստանն իրականում այն երկիրն է, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել եւ այդտեղից կարող են ունենալ օգուտներ»:

Ներդրումների խթանման հարցում տնտեսական մթնոլորտից եւ առավելություններից բացի որոշիչ դեր են խաղում նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գնահատականները, որոնք կարեւոր չափանիշ են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ներդրողների համար.

«Համաշխարհային բանկը մշտապես մեր լավագույն գործընկերն է, եւ այդ առումով այն նաեւ պարտավորություն է ստանձնել հնարավորին չափով օժանդակել Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված բոլոր ներդրումային ծրագրերը»:

Հայաստանի ֆինանսների նախարարի խոսքով, տնտեսական ոլորտում երկրի կարեւորագույն խնդիրը կայուն աճի ապահովումն է, որը հնարավոր է ներդրումների առկայության պայմաններում: Ներդրումներն էլ արվում են այն տնտեսության մեջ, որտեղ ներդրումներին նպաստող միջավայր է ստեղծվում:

XS
SM
MD
LG