Մատչելի հղումներ

Ֆրանսիան քվեարկում է հանուն փոփոխության՝ Մակրոն կամ Լը Պեն


Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ են անցնում իրարից արմատապես տարբերվող երկու թեկնածուները՝ երկրի էկոնոմիկային նախկին նախարար ու բանկիր Էմանուել Մակրոնը եւ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Ընտրությունների վերջնական հաշվարկի համաձայն, Մակրոնը ստացել է ձայների մոտ 24, Լե Պենը՝ 22 տոկոսը։

Կենտրոնախույզ ուղղության առաջնորդ, Եվրոպական Միության ջերմ պաշտպան Մակրոնը հայտարարել է, որ իր կուսակցության հիմնումից մեկ տարի անց իրենց հաջողվել է փոփոխության ենթարկել Ֆրանսիայի քաղաքական դեմքը։

39-ամյա Մակրոնն ասել է, որ չնայած ահաբեկչություններին, տնտեսական մարտահրավերներին, սոցիալական դժվարություններին, էկոլոգիական խնդիրներին ու գործազրկության բարձր մակարդակին, իրենք պատրաստ են իրականացնել տնտեսական բարեփոխումներ։

Աջթեւային, 48-ամյա Մարին Լը Պենը, որը հանդես է գալիս ընդդեմ գլոբալիզացիայի եւ խոստանում Ֆրանսիան դուրս բերել Եվրոպական Միության կազմից, Ֆրանսիայի ժողովրդին կոչ է անում չհրաժարվել երկրի սահմաններն ու աշխատատեղերը պատշպանելու, անվտանգությունն ու ազգային ինքնությունը պահպանելու պատմական հնարավորությունից։ Եթե Լը Պենը մայիսին հաղթի երկրորդ փուլում, կդառնա Ֆրանսիայի առաջին կին նախագահը։

Ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամն է, որ նախագահի երկու թեկնածուները ներակայացնում են ոչ հիմնական կուսակցությունները։

Լե Պենի դեմ Փարիզում սկսվել են ցույցեր, որոնց մասնակիցները որոշ տեղերում բախվել են ոստիկանության հետ։

Ըստ վերլուծաբանների, Լը Պենի օգտին քվեարկելու հիմնական պատճառը երկրի ներկա ղեկավարության նկատմամբ առկա զայրույթն է։

Լը Պենն ուզում է մեծապես արգելել ներգաղթը, հատկապես մահմեդական երկրներից ներհոսքը։ Նա ուզում է Ֆրանսիան դուրս բերել Եվրոպական Միությունից ու աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ տալ Ֆրանսիայի քաղաքացիներին։

Մակրոնն ավելի բիզնես մտածողության գործիչ է, Եվրոպական Միության աջակից։ Նրա հիմնական աջակիցներն են միջին ու բարձր դասի քաղաքացիները, որոնք շահել են գլոբալիզացիայի ընթացքից։

Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է մայիսի 7-ին։ Սակայն անկախ այն հանգամանքից, թե որ թեկնածուն կընտրվի երկրի նախագահ, կարելի է արդեն ասել, որ Ֆրանսիան քվեարկել է հանուն փոփոխության։


XS
SM
MD
LG