Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին


Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին

Մեծաթիվ պատմաբաններ են 1915 թվականին իրականացված ջարդերը համարում ցեղասպանություն։ Սակայն Թուրքիայում այն շարունակում են դնել հարցականի տակ։ Իսկ աշխարհի մի շարք երկրներ խուսափում են այն ճանաչել զուտ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական ու ռազմավարական կապերի պատճառով։

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 1Օ2-րդ տարելիցը։ Ցեղասպանություն, որը Թուրքիան շարունակում է հերքել։

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերով, ՝՝Մենք չենք դատապարտում ժամանակակից Թուրքիային 1Օ2 տարի առաջ տեղի ունեցածի համար։ Սակայն կա բարոյական պատասխանատվություն, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ համարվող Թուրքիայի առաջնորդները պատշաճ կերպով անդրադառնան խնդրին՛՛։

Իսկ այն փաստը, ասում է նա, որ աշխարհում կան հայեր ու կա փոքր մի երկիր Հայաստանի Հանրապետություն անունով, ապացուցում են, որ ցեղասպանությունն իրականացնողները ձախողվել են իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։

Երկու տարի առաջ, երբ Ռեջեփ Էրդողանը դեռեւս Թուրքիայի վարչապետն էր, հայտարարում էր, որ ՝՝Եթե ուզում ենք քննարկել Հայկական հարցը, պիտի քննարկենք պատմաբանների տեսանկյունով։ Մենք բացում ենք մեր պահոցները, եւ հայերը պիտի բացեն իրենցը՛՛։

Չնայած այն հանգամանքին, որ Ցեղասպանությունը մեծապես ճանաչել է ՄԱԿ-ը, եւ որ այն ճանաչել է նաեւ Հռոմի Պապը, ԱՄՆ-ի վերջին տարիների վարչակազմերը խուսափում են այդ եզրը կիրառելուց։

Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դե Վաալի խոսքերով, թուրք պատմաբաններն արդեն գրում են այդ մասին։ Թուրքիայում հրատարակվում են գրքեր։

՝՝Թուրքիայում այս տարի հրատարակվեց նաեւ իմ գիրքը։ Մի բան, որը անհավանական կթվար մի քանի տարի առաջ։ Այնպես որ հասարակությունը Թուրքիայում ցույց է տալիս փոխվելու նշաններ՛՛, ասում է նա։

Հայ-թուրքական բիզնես խորհրդի համահիմնադիր ու համանախագահ Քաան Սոյակը գտնում է, որ շատ կարեւոր է ներողություն խնդրելու, հասկանալու ու միմյանց հետ խոսելու հանգամանքը։

՝՝Այսօր, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի մեծաթիվ թուրքեր են տեղեկանում պատմության մասին։ Առաջընթաց կա։ Սակայն հարցին, թե այս գործընթացը բավարար է, թե ոչ, պիտի տանք բացասական պատասխան՛՛։

Նա գտնում է, որ եթե չլինեն շահեր ու խանգարող կողմեր, հայերն ու թուրքերն ավելի հեշտությամբ կլուծեն ամեն մի հարց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։


Թուրքիայում Ցեղասպանությունը հերքելու պատճառներից գլխավորն այն է, որ դպրոցներում չի դասավանդվում այդ տարիներին իրականացված բռնությունների մասին, ասում է ԱՄՆ-ի պետական, ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան Ջոն Սիտիլիդեսը։

՝՝Սակայն, ասում է նա, իրականությունն իմանալու համար ինտերնետի ընձեռած անսահման հնարավորությունները թուրքերի կողմից անտեսվելու փաստը ներելի չի կարող լինել։ Մյուս կողմից խանգարում է այն հանգամանքը, որ թուրքերի մի հոծ զանգված պատրաստ չէ ընդունել, որ իրենք ներկայացնում են ցեղասպանություն գործած մի պետություն։ Իսկ շատ թուրքեր, ովքեր կարդացել են պատմությունը, ասում են, որ այդ փաստն անհերքելի է՛՛։

Սակայն ինչպես կարելի է մտածել հայ-թուրքական երկխոսության մասին, երբ ներկայումս էլ արեւելյան Թուրքիայում ավերվում կամ մզկիթների են վերածվում հայկական եկեղեցիները։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցին ի պատասխան, Քաան Սոյակը հիշեցնում է, որ իրենց նախաձեռնությամբ էր նաեւ, որ վերականգնվեցին եկեղեցիներ, այդ թվում՝ Ախթամարի եկեղեցին։ Սակայն իրականացվող աշխատանքները նա բավարար չի համարում։

՝՝Շատ կարեւոր է, որ գործին լծվեն արեւելյան Թուրքիայում մյուս ժողովուրդները նույնպես, որպեսզի պահպանվեն եկեղեցիները Էրզրումում, Արաբկիրում, Մալաթիայում ու մյուս հատվածներում՛՛։

Վերլուծաբան Ջոն Սիտիլիդեսի խոսքերով, միայն հայերի ջանքերով դրան հասնելը դժվար է։

՝՝Շատ կարեւոր է, որ եկեղեցիները պաշտպանելու գործին լծվեն Հայաստանի կառավարությունը, հասարակական կազմակերպություններն ու Առաքելական եկեղեցին, որպեսզի ԱՄՆ-ի համապատասխան կազմակերպությունների ու մյուս եկեղեցիների, նաեւ մահմեդական համայնքի մասնակցությամբ ապահովեն ավելի մեծաթիվ կոնգրեսականների միջամտություն՛՛։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 1Օ2-րդ տարելիցի նախօրեին նախագահական ամենամյա ուղեձին, վերլուծաբաններն ասում են, թե Դոնալդ Թրամփը ամենայն հավանականությամբ կշարունակի հայտարարությամբ հանդես գալու ավանդույթը։

՝՝Սակայն չեմ կարծում, ասում է Ջոն Սիթիլիդեսը, որ Թրամփը, կամ մոտ ապագայում ԱՄՆ-ի որեւէ նախագահ կկիրառի ՝՝ցեղասպանություն՛՛ եզրը։

Դա ունի մի շարք բացատրություններ, հիշեցնում են նրանք, բայց ողջունում այն փաստը, որ ՝՝Խոստումը՛՛ գեղարվեստական ֆիլմը ապրիլի 21-ից բարձրացավ մեծ էկրաններ Միացյալ Նահանգներում։

XS
SM
MD
LG