Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի նկատմամբ Թրամփի անորոշ քաղաքականությունը


Չնայած Կորեական թերակղզուց ամերիկյան ռազամանավերի հեռացման փաստին, այստեղ լարվածությունը շարունակում է խորանալ, երբ Հյուսիսային Կորեան փորձում է արագ առաջ տանել միջուկային ու հրթիռային իր ծրագրերը, իսկ Վաշինգտոնը՝ հանդես գալիս ավելի խիստ հայտարարություններով։

Կորեական թերակղզում ստեղծվել է մի ճգնաժամ, որից ելքի մասին կանխագուշակումներ անելն այսօր չափազանց դժվար է։ Միացյալ Նահանգներն այստեղ ցուցադրում է ռազմական իր ուժը, երկրի փոխնախագահ Մայք Փենսը՝ հանդես գալիս հայտարարությամբ այն մասին, որ այս տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմավարական համբերությունը լցվել է։

Սակայն ինչ քայլերի կդիմի նախագահ Դոնալդ Թրամփը սրանից հետո, դեռեւս հստակ չէ, որն ասել էր, թե ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ կարող է կանգնել միայնակ։
Նրա այս խոսքերից հետո էր, որ ամերիկյան ավիակիր նավի ուղեկցությամբ ռազմանավերի մի խումբ ուղեւորովեց դեպի Կորեական թերակղզի։

Թրամփը նաեւ փորձել էր համոզել Չինաստանի նախագահ Շի Ջինգպինին Հյուսիսի նկատմամբ կիրառել տնտեսական ճնշումներ։ Սակայն դա մի միջոց է, որին դիմել էին ԱՄՆ-ի նաեւ նախկին վարչակազմերը։ Հիմա հարց է, թե Թրամփի օրոք որքան է փոփոխության ենթարկվելու ռազմավարությունն ընդդեմ Հյուսիսային Կորեայի։

Այդ հարցը չունի կախարդական պատասխան, ասում է Հարավային Կորեայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քրիս Հիլը։ ՝՝Կան որոշակի թվով միջոցներ, որոնց կարելի է դիմել։ Սակայն դիվանագիտության մեջ չեմ կարծում, ասում է նա, որ կարելի է գործել աճպարարության եղանակով՛՛։
Նա կասկածով է նայում Թրամփի ՝՝անկանխատեսելի՛՛ ռազմավարությանը՝ նկատի ունենալով Թրամփի այն խոսքերը, որոնց համաձայն, ինքը հեռագիր չի ուղարկելու իր հաջորդ քայլերի մասին, եւ որ իր սեղանին են դրված խնդիրը լուծելու համար ՝՝բոլոր տարբերակները՛՛։


Անկանխատեսելիությունը շատ լավ միջոց է, երբ խաղում ենք ֆուտբոլ կամ բասկետբոլ, երբ հակառակ կողմը չի իմանում ինչպես եք ուզում բացել խաղի հաշիվը։ Սակայն մեծ դժվարությունների առաջ կարելի հայտնվել, երբ գործընկերներդ լավ չեն իմանում քեզ եւ ոչինչ չեն կարողանում կանխատեսել հետագա քայլերիդ մասին՛՛, ասում է նա։

Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերը նույնպես հայտարարում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ քաղաքականության նոր ժամանակաշրջանի մասին, բայց նա նույնպես չի ասում, թե որտեղ է պահված այդ քաղաքականությունը եւ թե ինչ է այն ներկայացնում իրենից։

Նրա խոսքերով, ՝՝Սեղանի վրա բոլոր տարբերակները թողնելով՝ ստանում ենք ավելի ուժեղ բռունցքի հնարավորություն՛՛։

Թե ինչ է Թրամփը փորձելու անել այդ այսպես ասած ՝՝ուժեղ բռունցքով՛՛, կարելի է այդ մասին միայն անել ենթադրություններ։

Իսկ այն փաստը, երբ պարզվեց, որ դեպի Կորեական թերակղզի շարժվող ռազմանավերն իրականում հազարավոր մղոններ հեռու էին գտնվում թերակղզուց ու շարժվում են միանգամայն հակառակ ուղղությամբ, թույլ է տալիս վերլուծաբաններից շատերին ասել, որ դա պարզապես այնպիսի բլեֆ էր, ինչպես շքերթների ժամանակ Հյուսիսային Կորեայում ցուցադրվող կեղծ հրթիռները։

XS
SM
MD
LG