Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8-ին երկրում վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին:

Բրեքզիթի գործընթացի մեկնարկից 3 շաբաթ անց վարչապետ Մեյը հայտարարել է, որ ընդդիմությունը փորձ է անում տապալելու գործընթացը, իսկ խորհրդարանը համապատասխան համախմբում չի ցուցաբերում՝ քաղաքացիների կամքը իրականացնելու համար:

Մեյի կարծիքով, քաղաքական ներկապառակտումները կարող են խանգարել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման գործընթացին, ուստի վաղաժամ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն կա՝ անորոշությունը վերացնելու ու հստակություն մտցնելու համար:

«Մենք նայում ենք ապագային և ունենք հստակ ծրագիր, թե ինչպես կառուցել նոր հարաբերություններ Եվրոպայի հետ: Մենք ցանկանում ենք հաստատել սերտ և առանձնահատուկ համագործակցություն Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև, որը կունենա իր ուրույն տեղն աշխարհում: Մենք կվերահսկենք մեր տարադրամը, մեր օրենքները, մեր սահմանները և կհաստատենք առևտրային հարաբերություններ հին և նոր բարեկամ երկրների ու գործընկերների հետ աշխարհում: Սա ճիշտ մոտեցում է, որը բխում է ազգային շահերից, սակայն որոշ քաղաքական ուժեր դեմ են դրան»,- հայտարարել է վարչապետ Մեյը:

Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատը պետք է հաստատի վաղաժամ ընտրությունները:

Հիմնական ընդդիմադիր ուժի՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը ողջունել է վարչապետի հայտարարությունը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կտա բրիտանացիներին քվեարկել հօգուտ այն կառավարությանը, որը կներկայացնի մեծամասնության շահերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG