Մատչելի հղումներ

Թուրքիայի հանրաքվեն ավելի է հեռացնում այս երկիրը Եվրոպայից


Թուրքիայում կառավարող կուսակցությունը տոնում է կիրակի օրն անցկացված հանրաքվեում հաղթանակը, որը նախագահին տալիս է իշխանության հավելյալ լծակներ։ Ընդդիմությունն անցկացնում է բողոքի ցույցեր՝ հայտարարելով, որ բողոքարկելու է քվեարկության արդյունքը։

Թուրքիայում կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքում երկրի խորհրդարանական համակարգը փոխարինվում է նախագահականով՝ Ռեջեփ Էրդողանին տալով իշխանության մեծ լծակներ ու մինչեւ 2Օ29 թվականն այս պաշտոնում մնալու հնարավորություն։ Այս հանրաքվեն անվանելով ամենակարեւոր բարեփոխությունը Թուրքիայի պատմության ընթացքում՝ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիան այժմ համախմբված է, առողջ եւ միասնական։

՝՝Գրեթե ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Տեսել ենք, թե ինչպես է Արեւմուտքը թշնամաբար տրամադրված մեր դեմ։ Սակայն իմ ժողովուրդը կանգնեց նրանց դեմ՛՛։

Էրդողանն այս հայտարարությամբ էր հանդես գալիս, երբ ընդդիմությունն անցկացնում էր բողոքի ցույցեր, ընդդիմության ղեկավարները՝ մամուլի ասուլիսներ։ Նրանք պնդում են, որ քվեարկությունն արդար չի անցկացվել։

Ինչպես ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից Էրդալ Աքսունգերն է ասում, ՝՝Քվեների մոտ 6Օ տոկոսն ունեն խնդիրներ՛՛։

Կուսակցության փոխնախագահ Բուլենթ Թեզջանի խոսքերով, հանրաքվեն ունի իրավական լուրջ խնդիրներ նույնպես։ ՝՝Ձայների 51-49 հարաբերակցությունը նախագահին չի կարող տալ այն լեգիտիմությունը, որին նա ձգտում է՛՛, ասում է նա։

Ասենք, որ Էրդողանն ակնկալում էր 6Օ տոկոսի աջակցությունը եւ միայն չնչին տարբերությունը, ասում են վերլուծաբանները, նրան այնուամենայնիվ դնում է մի իրավիճակի մեջ, որտեղ հպարտանալու ոչինչ չունի, հատկապես եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ նրան դեմ են քվեարկել երկրի երեք ամենախոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում ու Իզմիրում։

Մեծաթիվ թուրքեր ունեն այն մտավախությունը, որ սա Թուրքիան դեպի ավելի ավտորիտար համակարգ տանելու ուղու վրա մի նոր քայլ էր, երկիր, ասում են նրանք, որտեղ հուլիսյան հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել եւ առնվազն 1ՕՕ հազարը՝ հեռացվել աշխատանքից։

ԵԱՀԿ-ը հրապարակել է հայտարարություն, որտեղ ասված է, որ ՝՝Հանրաքվեն Թուրքիայում անցել է ոչ հավասար հնարավորություններով՛՛։

Հայտարարության մեջ ասված է նաեւ, որ իշխանությունները ՝՝ոչ՛՛ քվեարկողներին համեմատել են ահաբեկիչների համակիրների հետ, իսկ ոստիկանությունը՝ ցուցաբերել միջամտություն քվեարկության ընթացքում։

Սակայն անկախ այս ամենից, իշխանությունները գոհ են նաեւ 51 տոկոսի համար, որը Էրդողանին տալիս է մինչեւ 2Օ29 թվականը նախագահի պաշտոնում մնալու հնարավորություն, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախարարների, մի քանի փոխնախագահներին նշանակելու իրավունք։

Էրդողանը նաեւ կարող է միջամտություն ցուցաբերել դատական համակարգում, համակարգ, որը նա միշտ համարել է Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցության ոլորտ։ Նախագահին է տրվում միանձնյա կերպով արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավունքը։
Էրդողանը ստանում է նաեւ մահապատիժները վերականգնելու իրավունք, ինչին նա ձգտել է երկար տարիներ՝ ավելի հակադրվելով Եվրոպական Միության հետ։

Facebook Forum

XS
SM
MD
LG