Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայից բխող միջուկային վտանգը կկասեցվի


Հյուսիսային Կորեան ի պատասխան ամերիկյան կողմի հայտարարությունների, ասել է, որ Փհենյանում ձեռքերը ծալած չեն նստելու.

«Մենք արդեն իսկ հզոր միջուկային զենք ունենք մեր ձեռքում եւ անշուշտ մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու»:

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Հանգ Սոնգ Ռյոլը մեղադրել է ԱՄՆ-ի նախագահին ագրեսիվ դիրքորոշում ունենալու մեջ: Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Փհենյանի կողմից միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագրերի խախտումն անընդունելի է.

«Հյուսիսային Կորեան խնդիր է, խնդիր, որը մենք կլուծենք»:

Թրամփը նշել է նաեւ, որ Չինաստանը «մեծ ջանքեր է գործադրում» Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կարգավորման շուրջ: Վերջին օրերի ընթացքում մասնավորապես չինական կողմը որպես ճնշման միջոց հրաժարվել է Հյուսիսային Կորեայից մի շարք ապրանքներ գնել:

Վաշինգտոնը սակայն պատրաստ է կարգավորել Հյուսիսային Կորեայի ճգնաժամն առանց Չինաստանի, ավելացրել է Դոնալդ Թրամփը: Ամերիկյան մեկ ավիակիր ու եւս մի քանի ռազմանավ, այդ թվում երեք հրթիռների կործանիչ Կորեական թերակղզի են ուղեւորվել: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն ասել է, որ Միացյալ Նահանգները սերտ համագործակցում է միջազգային գործընկերների հետ Հյուսիսային Կորեայից բխող միջուկային վտանգը կասեցնելու ուղղությամբ, սակայն, Փհենյանում պետք է հիշեն.

«Հյուսիսային Կորեան պետք է փոխի իր պահվածքը»:

XS
SM
MD
LG