Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը՝ պաշտոնանկ արվելու պահանջի ներքո


ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականները եւ մարդու իրավունքների պաշտպան խմբերը պահանջում են ու կոչ անում, որ պաշտոնից ազատվի Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերը, որն ըստ նրանց մեկնաբանությունների, մոռացել է Հրեական ողջակիզման մանրամասները։

ԱՄՆ-ի Սպիտակ տան ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն ապշեցին, երբ խոսնակ Շոն Սպայսերը Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ զարին գազ կիրառելու փաստը համարեց ավելի դաժան, քան ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացված վայրագությունները։

Խոսելով Հիտլերի մասին՝ Սպայսերն ասել է, թե ՝՝Նա իր իսկ ժողովրդի նկատմամբ չէր կիրառում գազն այնպես, ինչպես Սիրիայի նախագահ Ասադն է անում՛՛։

Շփոթված լրագրողների հարցերին ի պատասխան, Շոն Սպայսերը փորձում էր շտկել իրադրությունը, ասելով, թե ինքը նկատի ուներ այն հանգամանքը, որ Հիտլերը ՝՝դա կիրառում էր Հրական ողջակիզման կենտրոններում, սակայն, նկատի ունեմ այն, որ Ասադն այն կիրառում է քաղաքներում, դրանք նետում անմեղ քաղաքացիների վրա՛՛։

Հիշեցնեն, որ պատմության մեջ ամենամեծ ծավալներով քիմիական զենք կիրառվել է Հիտլերի կողմից։ Միայն գազախցիկներում սպանվել է մեկ միլիոն մարդ, հիմնականում՝ հրեաներ։

Իր խոսքերից հետո սկսված ուժեղ հարձակումներից ու սուր քննադատություններից հետո Սպայսերը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, ասելով, թե ինքը ՝՝որեւէ կերպ չի փորձել մեղմել Հրեական ողջակիզման սարսափելի բնույթը՛՛, այլ փորձել է ՝՝շեշտել օդանավերի միջոցով այդ զենքերը բնակելի թաղամասերի դեմ կիրառելու մարտավարությունը՛՛։

Սակայն նրա այս բացատրությունը, կամ բացատրություն տալու փորձը չի գոհացնում շատերին։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական կուսակցության ղեկավար Նենսի Փելոսին հրապարակել է հայտարարություն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից ազատել Սպայսերին եւ ՝՝անհապաղ ժխտել նրա խոսքերը՛՛։

Նյու Յորքի Աննա Ֆրանքի անվան կենտրոնի ղեկավար Ստիվըն Գոլդշտայնը նույնպես հանդես է եկել Սպայսերին պաշտոնից ազատելու կոչով։ Նա Սպիտակ տան խոսնակին մեղադրել է ՝՝Հրեական ողջակիզումը հերքելու՛՛ մեջ։

XS
SM
MD
LG