Մատչելի հղումներ

Ոստիկանության տվյալներով 53-ամյա Սեդրիկ Անդերսոնը մուտք է գործել Սան Բերնարդինոյի North Park տարրական դպրոց և գնդակահարել դպրոցի ուսուցչուհի Քերեն Էլեյն Սմիթին, որից հետո ինքնասպանություն գործել:

Սմիթի հետևում կանգնած երկու աշակերտները վիրավորվել են կրակոցների արդյունքում: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, ուր ստացած վնասվածքներից մահացել է 8 ամյա Ջոնաթըն Մարթինեսը:

«Մենք չենք կարծում, որ երեխաները հանդիսացել են թիրախ: Ողջ միջադեպը տեղի է ունեցել մեկ դասարանում: Կասկածյալը մտել է դասարան, ուր գտնվում էր չափահաս կինը, ով հանդիսացել էր թիրախ: Ցավոք սրտի, երեխաները պատահական զոհեր էին»,- հայտարարել է Սան Բերնանդինոյի ոստիկանության ներկայացուցիչ Ռոն Մասը:

Մյուս աշակերտը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն ոստիկանությունը նշում է, որ նրա վիճակը կայուն է: Միջադեպի հետևանքով ամբողջ դպրոցը տարհանվել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի մասնաշենքեր:

Սան Բերնարդինո քաղաքը, որը գտնվում է Լոս Անջելեսից մեկ ժամ հեռավորության վրա, նախկինում նույնպես ականատես է եղել արյունալի միջադեպերի: 2015 թվականի դեկտեմբերին Դաեշ-ի գաղափարախոսության ներքո երկու անձինք սպանել են 14 մարդկանց:

Տեղական իշխանությունները նշում են, որ Անդերսոնն ու Սմիթն ամուսնացել էին մի քանի ամիս առաջ և մեկ ամիս է, ինչ հեռացել էին իրարից: Անդերսոնը մուտք է գործել դպրոց՝ թաքցնելով իր զենքը, որից հետո կրակ է բացել դասարանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG