Մատչելի հղումներ

Արդյո՞ք շեղվում է Թրամփը արտաքին քաղաքականության իր ուղուց


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հրամայեց օդային հարվածներ հասցնել ընդդեմ Սիրիայի։ Այս շաբաթ հզոր ավիակիր ուղարկեց դեպի Կորեական թերակղզի՝ որպես ուղերձ ընդդեմ Հյուսիսի ղեկավար Կիմ Ջոնգ Ունի։

Արդյո՞ք սա իր նախանշած ուղուց կտրուկ շեղում է, թե՞ ժամանակավոր շրջանցում։

Դոնալդ Թրամփը մինչեւ ընտրվելը եւ ընտրվելուց հետո էլ շարունակ հայտարարում էր, որ առաջնայինն իր համար Ամերիկան է։ Միայն մեկ շաբաթ առաջ էր, երբ նա հանդես էր գալիս նույն հայտարարությամբ։

՝՝Ես չեմ ուզում լինել աշխարհի նախագահը։ Ես նախագահն եմ Միացյալ Նահանգների, եւ այսուհետ առաջնորդվելու ենք “Նախ՝ Ամերիկան” կարգախոսով՛՛։

Սակայն “Նախ՝ Ամերիկան” քաղաքականությունն այդ օրից ի վեր ենթարկվել է փոփոխության։ Աշխարհում մի քանի իրադարձություններ ստիպում են ուղղությունը թեքել 18Օ աստիճանով։

Սիրիայում քիմիական զենքերով հարձակումը դրդեց Թրամփին տալ այստեղ օդային հարձակում սկսելու հրաման՝ այսպիսով ԱՄՆ-ին ավելի ներքաշելով արդեն 6 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի մեջ։

Իսկ “Քարլ Վինսոն” սուպերավիակիրն ուղղություն վերցրեց դեպի Հյուսիսային Կորեա՝ որպես ուժեղ մի ուղերձ ընդդեմ ավտորիտար առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի։

Երկու քայլ, որոնք արժանացան աշխարհի մեծ թվով երկրների առաջնորդների գովեստին։ Իսկ շատերի մոտ էլ առաջ եկավ հետեւյալ հարցը. Արդյո՞ք Թրամփը շարժվում է այլ երկրներում ամերիկյան միջամտությունը խորացնելու ուղով։Թրամփի անցումային թիմում աշխատած Ջիմ Քարաֆանոյի խոսքերով, այդպես դիտարկելը սխալ կլիներ։

՝՝Ես չեմ կարծում, ասում է նա, որ սա միջամտությունը խորացնելու արտաքին քաղաքականություն է։ Նախագահն իր այս քայլերով ընդգծում է ամերիկյան շահերը ոտնահարվելու դեպքում միջամտություն ցուցաբերելու պատրաստակամությունը՛՛։

Սա, ասում է Քարաֆանոն, նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության հակադրությունն է, որն ավելի դժկամ էր աշխարհի այլ հատվածներում ուժ կիրառելու հարցում։

Սա հակադրություն է նաեւ Ջորջ Բուշի քաղաքականության համար, որին մեղադրում էին չափից շատ միջամտություն ցուցաբերելու մեջ։

Սակայն Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձանց խոսքերով, Սիրիայում իրականացված օդային հարձակումներն ամենեւին չեն նշանակում, որ Ամերիկան վերադառնում է վարչակարգեր փոխելու իր քաղաքականությանը։

Օբամայի նախագահության տարիներին Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Ֆիլիպ Քրաուլին սա խելացի քաղաքականություն է համարում։ ՝՝Թրամփն ընտրվել էր Ամերիկայում առկա խնդիրները շտկելու համար։ Այդ պատճառով է Սպիտակ տունն ակնարկում, որ չնայած ռազմական գործողության դիմելու նախագահի որոշմանը, նա շարունակելու է կասկածամտորեն նայել ռազմական լուծում չունեցող որեւէ քաղաքացիական պատերազմում ԱՄՆ-ը ներքաշելու հարցին՛՛։

Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերը նորից է շեշտել ՝՝Նախ Ամերիկան՛՛ կարգախոսը։

՝՝Մենք չենք դառնալու համաշխարհային ոստիկան։ Մեզ նախ եւ առաջ հետաքրքրում են ազգային մեր շահերը՛՛, ասել է նա։

XS
SM
MD
LG