Մատչելի հղումներ

Թիլերսոնին Մոսկվայում բարդ բանակցություններ են սպասվում


«Մենք խոստանում ենք պատասխանատվության կանչել յուրաքանչյուրի, ով աշխարհի ցանկացած կետում անմեղ մարդկանց դեմ հանցանք կգործի», - այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Իտալիայում անցնող Մեծ յոթնյակի արտգործնախարարների աջակցությունը ստանալուց հետո, ԱՄՆ-ի պետքարտուղարը չորեքշաբթի Մոսկվա կմեկնի, որտեղ կողմերին բարդ բանակցություններ են սպասվում:

Մասնավորապես, Ռեքս Թիլերսոնը նախատեսում է պարզել Սերգեյ Լավրովից Սիրիայում քիմիական զենքի առկայության հարցը, քանի որ 2013-ին հենց Մոսկվան էր երաշխավորել, որ Սիրիայի իշխանությունները կձերբազատվեն քիմիական զենքերից ամբողջությամբ.

« Ինձ համար պարզ չէ, թե ինչու Ռուսաստանին չի հաջողվել կատարել իր պարտավորությունը: Ես հեռու գնացող եզրահանգումներ չեմ անի, սակայն, անշուշտ նրանք ձախողել են աշխատանքները կամ ուղղակի խաղալիք են դարձել սիրիացիների ձեռքում»:

Արտգործնախարար Լավրոսվի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարը պատրաստվում է հիշեցնել Ռուսաստանի այդ պարտավորության մասին: Մոսկվան Բաշար ալ-Ասադի վրա հսկայական ազդեցություն ունի եւ պետք է ի վիճակի լինի պարտադրել, որպեսզի Ասադն այլեւս չօգտագործի նման զենք.

«Հույս ունեմ, որ Ռուսաստանը լավ է մտածում Բաշար ալ-Ասադի հետ շարունակվող այս դաշինքի շուրջ, քանի որ նման յուրաքանչյուր սարսափելի հարձակումից հետո Ռուսաստանն ավելի է մոտենում պատասխանատվության որոշակի սահմանի»:

Ռուսաստանի վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան չի կարող դադարեցնել Ասադի վարչակարգի աջակցությունը.

«Այս պահին ցանկացած փոփոխություն կընկալվի որպես ԱՄՆ-ի ճնշման տակ ընկրկում», - նշում է Միջազգային հարաբերությունների խորհուրդի վերլուծաբան Անդրեյ Կորտունովը:

Եթե կողմերին չհաջողվի գալ պայմանավորվածության, ապա Սիրիայի տարածքում հակամարտությունը կարող է ուղղակի բախումների բերել, որի արդյունքում ռուսական հակաօդային համակարգերը կփորձեն ոչնչացնել ամերիկյան ինքնաթիռ կամ հրթիռ: Իսկ դա բոլորովին այլ իրավիճակի կհանգեցնի:

XS
SM
MD
LG