Մատչելի հղումներ

Ի՞նչ շարունակություն են ունենալու Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները


Թե Սիրիայի օդային ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց հետո ինչ քաղաքականություն է ԱՄՆ-ի Սպիտակ տունը որդեգրելու այս ճգնաժամում, դեռեւս պարզ չէ, քանի որ վարչակազմում մի մասը համոզված են, որ ճիշտ է շարունակել ռազմական գործողություններն ընդդեմ Ասադի կառավարության, մյուս մասը՝ վստահ, որ կարեւորը ՝՝Դաեշ՛՛-ին ոչնչացնելն է։

Արդյո՞ք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է Սիրիայում վարչակարգի փոփոխության մասին։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլիի հայտարարության համաձայն, թե Բաշար ալ Ասադը խոչընդոտ է խնդրի քաղաքական լուծման ճանապարհին, կարելի է ենթադրել, որ այո Թրամփն ուզում է փոփոխություն։

Երկրի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի հայտարարույթունն այն մասին, որ Ասադին հեռացնելը վտանգավոր խաղ է, ենթադրել է տալիս, որ Թրամփը, եթե նույնիսկ ուզում է փոփոխություն, նրան հեռացնելու քայլերի չի դիմի։

Թիլերսոնը բերում է Լիբիայի օրինակը, ՝՝որտեղ վարչակարգի արագ փոփոխությունից հետո այստեղ քաոսային իրավիճակը շարունակվում է՛՛։
Չնայած Ամերիկան Սիրիայում հրթիռային հարձակման դիմեց այստեղ քիմիական զենքի միջոցով քաղաքացիների դեմ հետագա գործողությունները կանխելու նպատակով, Թիլերսոնն ասում է, թե ԱՄՆ-ի գլխավոր նպատակը մնում է անփոփոխ։

՝՝Մեր առաջնային նպատակը ՝՝Դաեշ՛՛-ին տապալելն է՛՛, ասել է նա։

Նախկին նախագահ Բարաք Օբաման եւս ընտրել էր նախ ՝՝Դաեշ՛՛-ին արմատախիլ անելու տարբերակը, ինչի դեմ են հանդես եկել Կոնգրեսի մեծաթիվ անդամներ։

Ինչպես սենատոր Մարքո Ռուբիոն է ասում,

՝՝Նախ ՝՝Դաեշ՛՛-ին տապալելու, ապա՝ Ասադի միջոցով խնդրի լուծում գտնելու տարբերակը չի արդարացնի իրեն։ Քանի դեռ Ասադն իշխանության ղեկին է, արմատական սուննի ջիհադիստական տարրը պահպանվելու է՛՛։

Իր ամենշաբաթյա ուղերձի ժամանակ Թրամփը չխոսեց Սիրիայի մասին, բայց նորից հայտարարեց միջազգային բեմահարթակում ամերիկյան ազդեցության լծակները մեծացնելու իր մտադրության մասին։

Սակայն Սիրիայում ռազմական նոր գործողություններ իրականացնելու համար, նա արդեն ստիպված է լինելու ստանալ Կոնգրեսի համաձայնությունը։
Այսօր էլ շատ կոնգրեսականներ են ասում, թե Թրամփը հարձակումից առաջ պիտի ստանար օրենսդիրների համաձայնույունը։ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի խոսքերով, ինքը ներկայացրել էր ուժ կիրառելու հարցում լիազորություն ստանալու մասին նախագիծ, որին որեւէ մեկը հավանություն չէր տվել։

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Սիրիայի դեպքերից հետո պարզ է, որ սա այն Թրամփը չէ, ինչպիսին պատկերացնում էր Մոսկվան։ Եվ Սիրիայում ԱՄՆ-ի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պիտի ավելի լուրջ քննարկումներ սկսեն Սիրիայի հարցով։

XS
SM
MD
LG