Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները փակ դռների հետևում քննարկել են երկու երկրների համար կարևոր հարցեր, անդրադառնալով տնտեսական և առևտրային խնդիրներին, ինչպես նաև՝ այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են՝ ազգային և տնտեսական անվտանգությունը: Ընդլայնված կազմով հանդիպումը Թրամփը դրական է գնահատել, բայց դեռ պարզ չէ արդյոք նա անդրադարձել է Չինասատանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին:

Չնայած ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առկա խնդիրներին՝ Թրամփը ջերմ ընդունելության է արժանացրել իր չինացի գործընկերոջը:

Նախագահները հանդիպել են ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում՝ Թրամփին պատկանող Mar-a-Lago հանգստավայրում: Հարակից փողոցներում հավաքված մարդկանց մի մասը եկել էր ողջունելու Սի Ցզինպինին, իսկ որոշ ցուցարարաներ՝ արտահայտելու իրենց բողոքն՝ ի նշան Չինաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների:

«Մենք այստեղ ենք եկել երկու օր առաջ և նախապես անցել բոլոր փողոցներով: Մեր նպատակն է Ցզինպինի ուշադրությունը Չինաստանի արդարադատության ոլորտի խնդիրների վրա հրարվիրել», ասել է ցուցարար Յանուհա Նինգը:

Նյու Ջերզին ներկայացնող կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքերով, Թրամփը հանդիպումների ընթացքում անդրադառնալու է Չինաստանում մարդու իրավունքների խնդիրներին:

«Հայտնի է, որ նախագահները անդրադառնալու էին Հյուսիսային Կորեայի խնդրին, քանի որ վերջինս սպառնալիք է հանդիսանում թե Հարավային Կորեայի, և թե տարածաշրջանի մյուս երկրների համար: Բայց ի տարբերություն Օբամայի վարչակազմի՝ հուսով եմ, նախագահը կանդրադառնա նաև Չինաստանին, որովհետև Սի Ցզինպինը չի զիջում իր հյուսիսային հարևանին՝ սեփական ժողովրդին խոշտանգումների ենթարկելու, կանանց պարտադրվող հղիության արհեստական ընդհատումների, մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարումների և մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործությունների առումով»:

Սմիթի կարծիքով, Թրամփը կարող է նժարի վրա դնել մարդու իրավունքների ոլորտում ակնկալվող բարեփումների հարցը՝ հաշվի առնելով չինական ապրանքատեսակների համար ԱՄՆ-ի շուկայի գրավչությունը:

Վերլուծաբան Յան Սանը գտնում է,որ Ցզինպինը պատրաստակամ է ներդրումներ կատարել ԱՄՆ-ի ենթակառուցվածքներում, ինչի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ այն ինչ խոստացել էր Թրամփն իր ընտրողներին:

XS
SM
MD
LG