Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը իրականացրեց Սիրիայի կառավարական ուժերի դեմ առաջին գրոհը


ԱՄՆ-ի ռազմական ուժերն ուրբաթ օրը վաղ առավոտյան հրթիռակոծման ենթարկեցին Սիրիան, այստեղ իրականացված քիմիական հարձակմանն ի պատասխան: Սա Սիրիայի կառավարական ուժերի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված առաջին գրոհն էր:

Ամերիկյան ուժերը Միջերկրական ծովում տեղակայված իր մի քանի ռազմանավերից դեպի Սիրիայում ընտրված թիրախներն է արձակել ‘’Թոմահոք’’ մակնիշի հրթիռներ’ ի պատասխան այստեղ իրականացված քիմիական հարձակման, որն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների համոզմամբ իրականացվել է Սիրիայի կառավարության հրամանով:

Ամերիկյան ուժերի գործողություններից հետո նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, թե ինքն արձակել է Սիրիայում այն ռազմաբազան հրթիռակոծման ենթարկելու հրաման, որտեղից իրականացվել էին քիմիական զենքերով հարձակումները:

‘’Միացյալ Նահանգների շահերից է բխում քիմիական զենքերի տարածումն արգելելու հանգամանքը’’, ասել է նա:

Նրա խոսքերով, քիմիական այս հարձակումը եղել է ‘’բարբարոսական եւ Սիրիայի նախագահ Ասադը խլել է անօգնական մարդկանց, կանանց ու երեխաների կյանքը":

Նա ասել է նաեւ, թե Ասադի այդ վարքագիծը փոխելու նախկին տարիների ջանքերը ձախողվել են ու ձախողվել են լիովին: Թրամփը նաեւ կոչ է արել միջազգային համայքին միանալ Միացյալ Նահանգներին’ Սիրիայում ‘’մարդկանց ջարդը’’ դադարեցնելու համար:

‘’Ես կոչ եմ անում քաղաքակիրթ բոլոր պետություններին միանալ Սիրիայում ջարդն ու արյունահեղությունը դադարեցնելու, ինչպես նաեւ ահաբեկչության բոլոր տեսակները վերացնելու մեր ջանքերին’’, հայտարարել է նա:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը ԱՄՆ-ի կողմից իրականացված հրթիռային հարձակումն անվանել է ‘’ագրեսիա’’:

Ամերիկայի կողմից գրոհն իրականացվել է այն պահին, երբ Թրամփը Մար-ա-Լարգո առողջարանային համալիրում էր գտնվում Չինաստանի նախագահ Շի Ջինգպինի հետ միասին: Թրամփը հարձակումն իրականացվելուց առաջ հանդես չէր եկել որեւէ հայտարարությամբ այդ մասին: Սակայն հինգշաբթի օրվա ընթացքում նա եւ ազգային անվտանգության հարցերով պաշտոնատար անձինք մի քանի անգամ էին նախազգուշացումներ հղել Սիրիայի կառավարությանը:


Հանկարծակի հարձակումը նախագահի որդեգրած դիրքերում արձանագրում է կտրուկ փոփոխություն, որը նախագահական ընտրարշավի ժամանակ նախազգուշացնում էր, որ ԱՄՆ-ը չպետք է ներքաշվի Սիրիայի պատերազմի մեջ:

Ասում են, Թրամփը շատ է ազդվել քիմիական հարձակումից զոհված երեխաների լուսանկարները եւ տեսագրությունները դիտելով, ու այդ հարձակումն ավանել ‘’մարդկության խայտառակություն, որն անցնում է շատ սահմաններ’’:

XS
SM
MD
LG