Մատչելի հղումներ

Վաշինգտոնում հայ-ամերիկյան կազմակերպությունների դիրքորոշումը՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շուրջ


«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Վաշինգտոնի հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների ղեկավարները պարզաբանում են իրենց առաքելությունն ու նպատակները՝ անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը ասել էր, թե Սփյուռքը փայլուն արդյունքների է հասնում միջազգային ասպարեզում Հայաստանի խնդիրները կարգավորելու հարցում, սակայն չի օգտագործում իր ներուժը Հայաստանի ներսում ժողովրդավարության խթանման գործում:

Այս թեմայով մեր զրույցի ընթացքում Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին պարզաբանեց կազմակերպության գործունեության նպատակները:

Նա ասաց,- «Ամերիկայի հայկական համագումարը շահ չհետապնդող կազմակերպություն է և դա այդպես է ո՛չ միայն ամերիկյան, այլ նաև հայկական կոնտեքստում: Մենք վարչական որևէ շահ չենք հետապնդում, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Հայաստանում: Մենք աշխատում ենք Հայ-ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ: Եվ այս հարաբերությունների բարելավման ուղիներից մեկը ժողովրդավարության կառուցումն է: Այդ իսկ պատճառով անցյալ տարի մենք ուրախ էինք տեսնել, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ միասին որոշեցին Հայաստանին ֆինանսավորում տրամադրել՝ իր այժմ արդեն, կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարական ընթացք ապահովելու համար»:

Բրայան Արդունին նաև հավելեց, որ Ամերիկայի Հայկական համագումարը խրախուսում է ժողովրադավարության կառուցման նպատակով ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսավորումը, ինչպես նաև տարիների ընթացքում աջակցել է Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցմանը:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը մատնանշեց, որ իրենց կազմակերպության բուն նպատակը Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալելն է և շեշտեց Սփյուռքի կարևորության հանգամանքը:

Նա ասաց,- «Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ամերիկյան լոբբիստական կազմակերպություն է: Մենք ԱՄՆ-ի քաղաքացիներ ենք և դիմում ենք կառավարությանը մեզ համար առաջնային հարցերի կարգավորման համար, ինչպես օրինակ Հայաստանի հետ ավելի սերտ կապերի հաստատումը, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ԱՄՆ-ի աջակցությունը Արցախի անկախության հարցում: Մեր առաքելությունը Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալելն է, այլ ոչ՝ Երևանում: Այդ ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ սփյուռքը նաև մեծ դեր է խաղացել Հայաստանում առաջընթացը խրախուսելու հարցում: Մենք այդ նկատեցինք վերջին ընտրություններում, տնտեսական և մշակութային բնագավառներում, ինչպես նաև մի շարք այլ հարցերում»:

Վաշինգտոնի հայ-ամերիկյան կազմակերպությունները շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը և հնարավորինս նպաստում Հայաստանում ժողովրդավարության խթանմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG