Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի օրը անդրադարձավ Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակին և զարգացումներին, մասնավորապես՝ առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ինչի արդյունքում Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի, որը է՛լ ավելի կուժեղացնի Էրդողանի դիրքերը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի օրը անդրադարձավ Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակին:

Հանրապետական կոնգրեսական Դեյնա Ռորաբախերը, ով ղեկավարում է Եվրոպայի, Եվրասիայի և առաջացող վտանգների ենթահանձնաժողովը, նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումները թե՛ նախկինում, թե՛ հիմա շարունակում են գտնվել ենթահանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

«Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը պաշտոնապես հայտարարել է սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, որը տեղի է ունենալու այս ամիս՝ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխություններով Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի, որը է՛լ ավելի կուժեղացնի Էրդողանի դիրքերը»:

Ռորաբախերը իր ելույթում մեջբերել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի փետրվար ամսվա զեկույցը, որը Էրդողանի հանրաքվեի անցկացման այս որոշումը որակում է դեպի հետընթաց տանող վտանգավոր քայլ, որը կհեռացնի Թուրքիան ժողովրդավարական ավանդույթներից՝ամրապնդելով Էրդողանի խարսխած ավտորիտար ղեկավարման համակարգը: Զեկույցը նաև անդրադառնում է Թուրքիայում մամուլի ազատության, անկախ դատաիրավական համակարգի և քաղաքացիական հասարակության ապագային առնչվող խնդիրներին:

Դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսը քննադատել է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմին Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդական գործընթացներին պատշաճ ուշադրություն չդարձնելու համար:

«Էրդողանը անցյալ տարվա հեղաշրջման փորձը օգտագործեց որպես հարմար առիթ, կանխելու երկրի ժողովրդավարական առաջընթացը: Նա զանվածային ձերբակալությունների միջոցով, պետական գործակալություններ փակելով և իր բոլոր լծակներն օգտագործելով, լռեցրեց բոլորին, ինչը շատ մտահոգիչ է»:

Ըստ որոշ փորձագետների՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, իշխանական բոլոր գերատեսչությունները ուղղակիորեն կենթարկվեն միապետության ձգտող Էրդողանին:

Թուրքիայում մեջլիսի և նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերին:

XS
SM
MD
LG