Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները՝ ուս ուսի տված Հայաստանի կողքին


Ճշմարտությունն ասելու համար միշտ հարմար ժամանակ է, այսպես սկսեց իր ելույթը սենատոր Էդ Մարքին: Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում սենատորը նշեց, որ չնայած հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ բազմաթիվ հակասություններին, կա մեկ հարց, որի շուրջ իրենք միասնական են.

«Դեմոկրատներն ու հանրապետականները միշտ ուս ուսի տված պատրաստ են կանգնել մեր ընկեր եւ դաշնակից Հայաստանի կողքին»:

Երեկոյին ելույթ ունեցած Կոնգրեսի բազմաթիվ անդամներ ընդգծեցին՝ մենք ձեզ հետ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նրանցից մեկն էր Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբին վերջերս միացած կոնգրեսական Սալուդ Քարբաջալը.

«Ես հասկանում եմ, քաղաքական որոշ սկզբունքներ թույլ չեն տվել ԱՄՆ-ին դեռեւս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, դրանք արդար սկզբունքներ չեն: Արդար է ճշմարտությունը»:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն նշեց, որ ամոթով է հիշում, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման հարցը դեռեւս բաց է մնում.

«Սակայն, մենք կհաղթենք: Կասկած չունեմ՝ կհաղթենք»:

Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծ ներկայացրած կոնգրեսական Դեյվ Թրոթը հույս հայտնեց, որ ոչ միայն Կոնգրեսը կընդունի իր օրենքի նախագիծը, այլեւ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերով, Թրամփը ավանդական քաղաքական գործիչ չէ, ու հայտարարությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը.

«Հույս ունեմ, նախագահ Թրամփը ճիշտ քայլ կկատարի եւ 102 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն կանվանի»:

Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին է խոսել նաեւ ազդեցիկ դեմոկտրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ում հավաքվածները հատուկ ողջույնի արժանացրին.

«Այս նախագահը որեւէ խոստում չի տվել, նրա շուրջ դիվանագետներ եւ զինվորականներ չեն, որոնք կընդդիմանային Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եւ միգուցե դա կօգնի: Մենք պետք է համոզենք նրան, որ դա ճիշտ քայլ է, իսկ դա այդպես է, քանի որ մենք չենք կարող աշխարհի առաջատարը համարվել, եթե տարբերակենք, թե որ ցեղասպանությունները պիտի ճանաչենքլ, որոնք՝ ոչ»:

Ցեղասպանության փաստի հերքումը բուն ցեղասպանության վերջին քայլն է, քանի որ սկզբից բնաջնջում են մարդկանց, այնուհետեւ՝ դրամասին պատմությունը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից կօգնի հենց թուրք ժողովրդին ընդունելիր պատմությունը.

«Գերմանիան ընդունեց իր անցյալը եւ դարձավ հզոր, զարգացած, ժողովրդավար մի երկիր, որտեղ բոլորն են ցանկանում ապրել: Թուրքիան, որը համառորեն ժխտում է ցեղասպանությունը եւ հայտնվել էծայրահեղական, ավտորիտար երկիր դառնալու ճանապարհին»:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան օրենսդիրներին աջակցության համար, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգներում ճանաչվել է հազարավոր համայնքների, նահանգների եւ հաստատությունների մակարդակով:

Facebook Forum

XS
SM
MD
LG