Մատչելի հղումներ

ԱՄՆ-Չինաստան նոր հարաբերությունների հարցականները


ԱՄՆ-Չինաստան նոր հարաբերությունների հարցականները
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Ա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ հինգշաբթի օրը հանդիպեց Չինաստանի իր պաշտոնակից Շի Ջինպինին։ Ինչպես կանխատեսվում է, Ֆլորիդայում նախագահական Մար-ա-Լարգոյի առողջարանային համալիրում երկու նախագահների հանդիպումը չի կարող շատ ջերմ ավարտվել։

Դոնալդ Թրամփն ասել է, թե Չինաստանի իր պաշտոնակցի հետ քննարկումները ՝՝շատ դժվար՛՛ են լինելու։ Դրա պատճառը, նրա խոսքերով այն է, որ Ամերիկան այլեւս ՝՝չի կարող հանդուրժել առեւտրի հարցում զանգվածային պակասորդ եւ աշխատատեղերի հետագա կրճատումներ՛՛։

Սպիտակ տանն ամերիկացի բիզնեսմենների հետ անցկացրած հանդիպման ժամանակ Թրամփը հորդորել է նրանց հետեւել իր հանդիպմանը՝ խոստանալով, որ այն լինելու է շատ հետաքրքիր։ ՝՝Տեսնենք, թե ինչ է լինելու՛՛, ասել է նա։
Ինչպես վերլուծաբաններից Յուն Սունն է ասում, Շի Ջինպինն այստեղ դատարկաձեռն չի գա։՝՝Հավանաբար իր հետ կբերի Միացյալ Նահանգներում ներդրումներ կատարելու փաթեթ, եւ այստեղ նոր աշխատատեղեր ստեղծելու առաջարկներ՛՛, ասում է նա։

Սակայն ինչպես այլ վերլուծաբաններ են ասում, ամեն ինչ չէ, որ կարող է ընթանալ ըստ նախատեսվածի, երբ Թրամփի վարչակազմում դեռեւս ամեն ինչ չէ, որ հստակ կերպով է գրված՛՛։

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սկոթ Քենեդին ասում է, թե շատ տարօրինակ զարգացումները չի կարելի բացառել։ Իրադրությունը կարող է փոխել թվիթերյան որեւէ մեկնաբանություն։ ՝՝Շատ հարցերում, երկարատեւ բանակցությունների բացակայության պայմաններում կարող են առաջ գալ լուրջ տարաձայնություններ, եւ չինական կողմը կարող է հեռանալ լարված ու զայրացած՛՛, ասում է նա։

Ինչպես Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերն է ասում, կողմերի միջեւ առկա է ՝՝մեծ մի քանի խնդիր։ Սկսած Հարավչինական ծովից մինչեւ Հյուսիսային Կորեա։ Մեծ հարցեր կան ազգային ու տնտեսական անվտանգության բնագավառներում։ Եվ այս ամենը դրվելու է սեղանին՝ եկող երկու օրերին քննարկելու համար՛՛։

Հիշեցնենք, որ մինչեւ Սպիտակ տուն մտնելը, Դոնալդ Թրամփը խիստ արտահայտություններով էր հանդես գալիս Չինաստանի հասցեին։ Նա խոստացել էր առեւտրի հարցում իրականացնել պատժիչ քայլեր։
Իսկ ամենասուր հարցերից մեկը ՝՝մեկ Չինաստան՛՛ քաղաքականության մասին Թրամփի նախկին մեկնաբանություններին է առնչվում։ Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժան մասնիկը եւ ՝՝մեկ Չինաստան՛՛ սկզբունքին դեմ որեւէ արտահայտություն՝ ընդունում շատ զգայուն կերպով։

Այնպես որ հարց է մնում, թե արդյո՞ք ԱՄՆ-Չինաստան նոր հարաբերությունները կջերմանան Ֆլորիդայում, թե՞ այս նահանգի տաքությունը կունենա հակադիր ազդեցություն։



XS
SM
MD
LG