Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հույս ունի առաջընթաց տեսնել իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացում


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ հարատեւ խաղաղություն հաստատելու իր ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Մերձավոր Արեւելքի խաղաղության հարցն էր չորեքշաբթի օրը դրված նախագահ Թրամփի ու Հորդանանի Աբդուլլահ թագավորի միջեւ անցկացված բանակցությունների սեղանին։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է անել առավելագույնը՝ Մերձավոր Արեւելքի ամենախորը ու երկարատեւ հակամարտությունը լուծելու համար։ Սպիտակ տանը Հորդանանի արքայի հետ հանդիպումից հետո Վարդերի պարտեզում Թրամփն ասաց, թե իրենք որոշել են միասնաբար աշխատել իսրայելա-պաղեստինյան խնդիրը լուծելու ուղղությամբ։


Հորդանանի Աբդուլլահ թագավորը, գովեստի խոսքեր ասելով խաղաղության գործընթացը վերականգնելու հարցում Թրամփի պատրաստակամության համար՝ հայտարարեց.

՝՝Իսրայելցիներին ու պաղեստինցիներին սեղանի շուրջ բերելու ձեր ջանքերն էին, որ թույլ տվեցին Արաբական գագաթաժողովի ժամանակ Արաբական խաղաղության նախաձեռնության միջոցով խաղաղության ուղերձ հղել Իսրայելին։ Եվ հույս ունենք, որ այն իրականություն կդառնա՛՛։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի կողմից ներկայացված "Արաբական խաղաղության նախաձեռնություն" անվանում ստացած առաջարկների փաթեթն ընդգրկում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքով լուծելու առաջարկը։ Սակայն խնդիրն այստեղ այն է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե իր օրոք չի լինելու պաղեստինյան որեւէ պետություն։ Նրա կառավարությունն էլ անցյալ շաբաթ հաստատեց Հորդանան գետի արեւմտյան ափում հրեական նոր թաղամաս կառուցելու ծրագիրը։ Սա այն տարածքն է, որը նախատեսվում է ընդգրկել ապագա պաղեստինյան պետության կազմում։ Եվ Իսրայելի կառավարության այս դիրքորոշումն է ստիպում մեծաթիվ պաղեստինցիների կորցնել հավատը խաղաղության գործընթացի նկատմամբ։
Ինչպես պաղեստինցի քաղաքական գործիչներից Մուսթաֆա Բարղութին է ասում,

՝՝Իր այս գործողություններով Իսրայելը մեջքով է շրջվում դեպի միջազգային օրենքները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն ու խաղաղության գործընթացը՛՛։

Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնել Իսրայելին։ Նրա խոսքերով, չնայած հրեական նոր թաղամասերի կառուցումը չի օգնի խաղաղության գործընթացին, սակայն նաեւ ՝՝խոչընդոտ չէ այդ ուղու վրա՛՛։ Նա նաեւ խոստացել էր ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, չնայած այն հանգամանքին, որ այս քաղաքն իրենց ապագա մայրաքաղաք են համարում ե՛ւ իսրայելցիները ե՛ւ պաղեստինցիները։

Թրամփը դեռեւս չի իրագործել այդ խոստումը։ Սակայն մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացն այսօր, չնայած ընթացք ստանալու հնարավորություններին, դեռեւս դադարի վիճակում է։


XS
SM
MD
LG