Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան Եվրոպայից հետո որոնում է այլ շուկաներ


Մեծ Բրիտանիան սկսում է Եվրոպական Միությունից դուրս գալու գործընթացը՝ միեւնույն ժամանակ փորձելով զարկ տալ Բրիտանական համագործակցության երկրների հետ կապերին։

Մեծ Բրիտանիայի կառավարության անդամներից Ֆիլիպ Հեմոնդը երեքշաբթի օրը մեկնել է Հնդկաստան, իր խոսքերով ասած՝ ՝՝այստեղ բրիտանական բիզնեսը թմբկահարելու՛՛ համար։ Արտաքին առեւտրի հարցերով նախարար Լայամ Ֆոքսն էլ ասել է, թե Մեծ Բրիտանիան եվրոպական այն մի քանի երկրներից մեկն է, որը ՛՛չի ցանկանում թաղել 2Օ-րդ դարի իր պատմությունը՛՛։ Այսինքն՝ Եվրոպական Միությունից դուրս գալով՝ Մեծ Բրիտանիան պիտի փնտրի այլ շուկաներ։ Եվ այդ շուկաներն այն այսօր տեսնում է նախկին Բրիտանական կայսրության, Բրիտանական համագործակցություն անվանումը կրող երկրներում։

Բրիտանական կայսրությունը պատմության մեջ թողել է դաժան մեծաթիվ էջեր։ Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, հնդիկ իրավաբան Շաշի Թարուրն է ասում, ՝՝Չի կարելի մոռանալ Հնդկաստանի Ջալիանվալա Բաղի ջարդը, որին զոհ գնացին անպաշտպան կանայք, երեխաներ ու տղամարդիկ։ Չի կարելի մոռանալ Միջագետքում քիմիական զենքի կիրառման փաստը, Բասրայում անմեղ բնակիչների դեմ օդային գրոհները։ Չի կարելի մոռանալ Հնդկաստանը մասնատելու փաստը, Քենիայում ապստամբությունը դաժանորեն ճնշելու գործողությունները՛՛։

Սակայն մի կողմի վրա պահելով պատմության դառը էջերի հիշողությունները՝ Հնդկաստանը, որպես այդ Կայսրության նախկին անդամ, այսօր ուշադրությամբ է ցանկանում լսել Լոնդոնի կողմից ներկայացվող առաջարկները։

՝՝Բրիտանական համագործակցության երկների հետ առեւտրային նոր կապեր հաստատելու առաջարկը ողջունելի է, սակայն պետք է հաշվի առնել որեւէ գործարքում ինչ որ բան տալու դիմաց որեւէ այլ բան ստանալու սկզբունքը՛՛։

Իսկ օրինակ ի՞նչ կցանկանար Հնդկաստանը ստանալ։

Գաղութատիրական ժամանակներից ի վեր կարրի համեմունքի առեւտուրը մեծ ծավալների է հասել երկու երկրների միջեւ։ Մոտ 6 միլիարդ դոլարի հասնող այս ճյուղի աշխատակիցները կողմ էին Բրէքզիթին, այսինքն՝ Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելուն՝ հույս ունենալով, որ վերջինս իր դռները նորից կբացեր Բրիտանական համագործակցության անդամ երկրների առջեւ։

Ինչպես հնդկական ռեստորաններից մեկի սեփականատեր Էնամ Ալին է ասում, շուտով հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայից հեռանան ռումինացիներն ու լեհերը։ Ու այդ բացը լրացնելու համար, ասում է նա, նոր աշխատավորներ են հարկավոր։ Ու հարկավոր է սահմանել վիզային հեշտացաված ռեժիմ։


Եվրոպական Միությունից դուրս գալու արշավի ղեկավարները խոստանում էին այդ քայլով կրճատել ներգաղթը երկրում։ Սակայն այսօր Հնդկաստանն այն երկրների օրինակն է, որոնք ցանկանում են իրենց հետ առեւտրային կապերը վերականգնելու դիմաց վիզային ռեժիմի մեղմացում։

Բայց, ասում են նրանք, այսօր արդեն 21-րդ դարն է, ու հին կապերը վերականգնելու գործում Մեծ Բրիտանիան այլեւս չի կարող հանդես գալ իր պայմանները պարտադրողի դիրքերից։


XS
SM
MD
LG