Մատչելի հղումներ

Արևմտյան մամուլը անդրադարձել է Հայաստանի ընտրություններին


A woman walks past election posters on March 29, 2017 in Yerevan, ahead of April 2 parliamentary elections.
A woman walks past election posters on March 29, 2017 in Yerevan, ahead of April 2 parliamentary elections.

Արևմտյան մամուլը անդրադարձել է Հայաստանում կայացած խարհրդարանական ընտրությունների ընթացքին ու արդյունքներին:

Euronews-ի հաղորդմամբ խորհրդարանական ընտրություններն արձանագրում են Հայաստանի քաղաքական կյանքում նոր մի դարաշրջան, որի արդյունքում ձևավորվում է խորհրդարանական կառավարման նոր համակարգ: Euronews-ը նշում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քննադատները նրան մեղադրում են այս փոփոխությունների միջոցով իշխանությունը պահպանելու փորձի մեջ: Այս կարծիքը հերքում է նախագահ Սարգսյանն ու նրա թիմը:

Financial Times-ը գրում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի գործող նախագահը ամրապնդել է իր իշխանությունը: Պարբերականը նշում է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում խորացնելու իր հարաբերություններն Եվրամիության հետ, սակայն մեծ չափով կախված է Մոսկվայից՝ Հայաստանի իշխանություններին ներկայացնելով որպես ռուսամետ:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին է գրել նաև գերմանական Deutsche Welle-ն, որը նշում է, որ ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած նախագահ Սարգսյանի գլխավորած իշխող Հանրապետական կուսակցությունն ու երկրորդ տեղում հայտնված Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր քաղաքական դաշինքը, Ռուսաստանի հետ սերտ համագործակցության կողմնակիցներ են և նույն մոտեցումներն են կիսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Պարբերականը գրում է, որ ընտրություններին գրանցվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ այլ տեսակի խախտումներ:

Bloomberg-ը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է ընտրությունների վերաբերյալ ստացած 1300 բողոքները, իսկ Հատուկ քննչական ծառայության վարույթում են հայտնվել 73 բողոքներ, որոնք կարող են քրեական բնույթ ունենալ: Լրատվական գործակալությունը մեջբերում է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը, ուր նշվում է, որ ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով:

Ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ հարձակման փաստի մասին է հաղորդել Ազատություն ռադիոկայանը, ըստ որի՝ ընտրությունների օրը մայրաքաղաքի Կոնդ թաղամասի Հանրապետական կուսակցության շտաբի ներսում և շտաբից դուրս հարձակման են ենթարկվել երկու լրագրողներ, ովքեր հետաքննում էին շտաբում ընտրակաշառք բաժանելու վարկածը: Միջադեպը հետաքննվում է ոստիկանության կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG