Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կոչ է անում հրաժարվել պատերազմից ու նախապատրաստվել խաղաղությանը


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիրայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը միացել է Մինսկի խմբի համանախագահներին` կոչ անելով կողմերին նոր թափ հաղորդել Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական եղանակով լուծելու ջանքերին:

“Անցած երկու տասնամյակների ընթացքում վատթարագույն մարտերը և բռնությունը, որոնց ականատես եղանք մեկ տարի առաջ, պատճառեցին ավերածություն, տառապանք և մարդկային կորուստներ: Այն հստակ հիշեցում էր, այն մասին, թե պատերազմի մեքենան որքան արագ կարող է տապալել խաղաղության ջանքերը: Այդ առիթով, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ հրադադարը վտանգող որևէ գործողությունից: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային մարդասիրական պարտավորություններին, ասված է Քուրցի հայտարարությունում:

Հրապարակած հայտարարության մեջ ասված է. “Շփման գծում բախումները և հրադադարի լուրջ խախտումները, որոնց հետևանքով մարդկային զոհեր եղան, ամբողջ անցած տարվա ընթացքում մեր առանձնահատուկ մտահոգության առարկան էին: Այժմ վստահության կառուցման պրագմատիկ և գործնական քայլերի վրա կենտրոնանալու ժամանակն է, ինչպես նաև առարկայական բանակցությունները վերսկսելու պահը», - հայտարարում է է Սեբաստիան Քուրցը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաև իր ցավակցությունն է փոխանցում զոհվածների ընտանիքներին, շեշտում, որ ապրիլյան իրադարձությունների պատճառով հայերի և ադրբեջանցիների շրջանում պակասել է խաղաղությանը հասնելու նկատմամբ հավատը: Սակայն նա մեկ անգամ եւս շեշտում է, որ “Չկա ռազմական լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, եւ որ հարկավոր է պատրաստվել խաղաղությանը` թույլ չտալով պատերազմի վերադարձ:

Իր հայտարարությունը ԵԱՀԿ-ի գործող նախագահը եզրափաում է հետեւյալ խոսքերով. “ԵԱՀԿ-ի նախագահությունը պատրաստ է աջակցել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնություններն առաջ մղելու և իրականացնելու կողմերի ջանքերը:

XS
SM
MD
LG