Մատչելի հղումներ

Ռուսաստանի ազդեցությունն աճում է բալկանյան երկրներում


Այսօր, երբ շատ է խոսվում բալթյան երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մասին, մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Ռուսաստանի ազդեցությունն աստիճանաբար մեծանում է նաեւ բալկանյան երկրների վրա։

Նախկին հարավսլավական հանրապետություններից Մակեդոնիայում քաղաքական ճգնաժամը մուտք է գործում վտանգավոր մի փուլ, երբ ազգայնականներին մեղադրում են էթնիկական լարվածություն սերմանելու փորձերի մեջ։

Նախկին հարավսլավական հանրապետություններից Չերնոգորիայում հոկտեմբեր ամսի հեղաշրջման փորձը, եթե նախապես կապում էին Սերբիայի ազգայնականների հետ, այսօր համարում են Ռուսաստանի անվտանգության ծառայությունների կազմակերպած գործ, որի նպատակն է եղել խոչընդոտել այս երկրի մուտքը ՆԱՏՕ։

Իսկ այն դեպքը, երբ ռուսական արտադրության մի գնացք Սերբիայից հասավ Կոսովոյի սահմանին, իր վրա 21 լեզուներով կրելով ՝՝Կոսովոն Սերբիայի մասն է՛՛ բառերով պաստառներ, համարվեց սադրիչ գործողություն Սերբիայի կողմից։

Ինչ վերաբերում է Բոսնիային, Մոսկվան մեծապես աջակցում է դրա կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետութան ազգայնական նախագահ Միրոսլավ Դոդիկին՝ սերբական հատվածում անկախության հանրաքվե անցկացնելու հարցում։

Իսկ Բոսնիայում, Կոսովոյում ու Մակեդոնիայում շարունակվող անկայունությունը դուռ է բացում Ռուսաստանի առջեւ։ Այս մասին է ասում քաղաքական վերլուծաբան Էդուարդ Ջոզեֆը։

՝՝Երբ Բալկաններում բաց է մնում հարցը, այն այստեղ է հրավիրում ազգայնամոլական վիրուսը։ Դա այսօր մենք տեսնում ենք նախկին Հարավսլավիայի գրեթե բոլոր հատվածներում՛՛։

Վերլուծաբաններից Յանուշ Բուգայսկին էլ նախազգուշացնում է, որ ՝՝Ռուսաստանն ունի Բալկաններն ապակայունացնելու ծրագիր, որպեսզի այս տարածքը դառնա անբարյացակամ հատված ՆԱՏՕ-ի համար՛՛։

Այդ պատճառով մեծաթիվ փորձագետներ են ասում, որ այստեղ զգացվում է Եվրոպական Միության ու Միացյալ Նահանգների ավելի մեծ ներկայության կարիքը ու կոչ անում, որ չնայած ներքին իրենց խնդիրներին, չի կարելի մոռանալ Բալկանների մասին։

XS
SM
MD
LG