Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել նոր հայտարարությամբ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին մարտի 11-ին իրենք մեկնել էին Բաքու, 27-ին՝ Երեւան, հաջորդ օրը՝ Լեռնային Ղարաբաղ։

Ըստ հայտարարության, դեպի տարածաշրջան ճամփորդության գլխավոր նպատակը շփման գծում ամենաթարմ քաղաքական ու ռազմական տեղեկություններ ստանալն է եղել, քննարկելու, թե ինչպես են իրականացվում 2Օ16 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովների ժամանակ ձեռքբերված համաձայնությունները։

Հայտարարությունը հիշեցնում է, որ համանախագահները հանդիպումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ։ Նրանք նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքներ։ Համանախագահները հիշեցնում են, որ բանակցությունների ժամանակ իրենք կրկնել են շփման գծում վերջին դեպքերի հետ կապված իրենց խորը մտահոգությունը ՝ կոչ անելով կողմերին հռետորաբանության մեջ ու իրենց գործողություններում ցուցաբերել զսպվածություն։

Ըստ հայտարարության, նախագահներն իրենց տեսակետներն են արտահայտել հրադադարն ամրապնդելու եւ իրադրությունն ավելի չսրելու նպատակով իրենց կողմից ներկայացված առաջարկների շուրջ։ Խոսքը հատկապես վերաբերում է Նովրուզի ու Սուրբ Զատկի տոնական օրերին։

՝՝Նախագահները հայտարարել են, որ իրենք հավատարիմ են մնում բանակցային գործընթացին՛՛, ասված է հայտարարության մեջ։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ ասված է նաեւ, թե իրենք վստահ են, որ հրադադարը հարգելու հանգամանքը վստահության մթնոլորտի կառուցման ու բանակցությունները շարունակելու գործում ամենակարեւոր միջոցն է։

Համանախագահները շուտով մեկնելու են Վիեննա՝ տարածաշրջան կատարած ճամփորդության մասին Մինսկի խմբին զեկուցելու համար։

XS
SM
MD
LG