Մատչելի հղումներ

Սիրիայի եւ Իրաքի հայերը, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյաներն ու եզդիները պետք է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնություններ ունենան, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց ազդեցիկ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆը.

«Այդ բոլոր եզդիները, բոլոր քրիստոնյաները, հայերը, ցեղասպանությունից են փախչում եւ պետք է ԱՄՆ-ի մուտքի արտոնություններ ունենան»:

Նասիֆի խոսքով, արտոնությունների պահանջն առաջին հերթին պայմանավորված է ոչ թե վերաբերմունքի տարբերության այլ՝ անվտանգության նկատառումներով.

«Խոսքն այն մասին չէ, որ նրանք ավելի լավն են, այլ որովհետեւ նրանք երկրի երեսից ոչնչանալու վտանգի տակ են հայտնվել»:

Իր ելույթում հայ արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն հիշատակեց նաեւ Ամերիկայի հայ համայնքը, մասնավորապես՝ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը.

«Իմ հայ եղբայրներն ու քույրերը լավ են գիտակցում, թե ինչ է նշանակում տառապանքը, քանի որ իրենք իրենց վրա են դա զգացել»:

Ցեղասպանությունից փրկված ազգությամբ եզդի Նադյա Մուրադը հիշեցրեց հավաքվածներին, որ դեռեւս հազարավոր եզդիներ եւ քրիստոնյաներ գտնվում են ահաբեկիչների ձեռքում.

«Շուրջ 1000 եզդի երեխաներ շարունակում են գտնվել Դաեշի ձեռքերում: Նրանք ենթարկվում են ուղեղի լվացման, նրանցից մահապարտներ են աճեցնում: Այդ երեխաներն ապագայում իրենց պայթեցնելու են, եթե նրանց չփրկեք»:

Աննա Էշուն այդ կապակցությամբ նշեց, որ ցեղասպանության ճանաչմամբ աշխատանքը չի ավարտվում.

«Մենք ոտքը ոտնակից չենք կարող հանել: Պետք է շարունակենք աշխատանքը: Նադյան մեզ հիշեցրեց, որքան շատ աշխատանք ունենք դեռեւս»:

Կոնգրեսական Ջեֆ Ֆորտենբերին նշեց, որ եզդիների եւ քրիստոնյաների համար կարեւոր է նաեւ Սիրիայում եւ Իրաքում անվտանգ տարածքներ ապահովել, որտեղ նրանք որոշակի ինքնավարություն կունենան, կընտրեն տեղական իշխանություն ու սեփական ոստիկանություն կկազմավորեն.

«Հենց այդ տարածքները ապահով դառնան, մարդիկ կարող են վերադառնալ իրենց տները եւ այնտեղ սեփական հողում սեփական ղեկավարություն ընտրել»:

Միջոցառման մասնակիցների խոսքով, չնայած դժվարություններին, Միացյալ Նահանգների հասարակական կարծիքի օգնությամբ նաեւ հնարավոր եղավ հազարավոր մարդկային կյանքեր փրկել:

«Երբ մեր օրերի մասին պատմող գրքեր թերթեն, առաջին հերթին որպես ձեռքբերում հիշվելու է այն, որ մենք ժամանակին արձագանքեցինք այդ սարսափելի իրադարձություններին», - եզրակացրեց Աննա Էշուն:

XS
SM
MD
LG