Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ Օբաման կազմակերպել է իր գաղտնալսումները


Trump Tower Scene

Trump Tower Scene

Օրերս Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերը ստիպված էր պատասխանել բազմաթիվ լրագրողների հարցերին, թե ինչու է նախագահ Թրամփը շարունակում պնդել, որ նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնալսումներ է կազմակերպել Նյու Յորքի Trump Tower շենքում այն դեպքում, երբ Կոնգրեսի երկու պալատների հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովների անդամ կոնգրեսականներն ու սենատորներն ասում են, որ նման բան տեղի չի ունեցել:

Սփայսերը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը շարունակում է մնալ այդ կարծիքին և մեղադրեց լրագրողներին փաստերը խեղաթյուրելու մեջ՝ կապված Սենատի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռ չի ստացել այս հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը:

Սակայն Սենատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի երկու բարձրաստիճան սենատորներ Ռիչարդ Բուրն ու դեմոկրատ Մարկ Ուորներն իրենց հայտարարության մեջ ասել են, որ իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունը չի հայտնաբերել ապացույցներ, որ պետական որևէ կառույց գաղտնալսումներ կամ գաղտնի տեսագրություններ է կազմակերպել Trump Tower-ում ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո:

Այս հայտարարությանը նախորդել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հայտարարությունը, ով ևս հերքել էր նախագահ Թրամփի պնդումը, որ Օբաման գաղտնալսումներ է կազմակերպել:

Չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դևին Նունեսը, ով աջակցել էր Թրամփին, իր մամլո ասուլիսի ընթացքում ասել է, որ ինքը ևս կարծում է, որ նման գաղտնալսում տեղի չի ունեցել՝ ընդգծելով, որ հանձնաժողովը չունի որևէ ապացույց այս պնդման վերաբերյալ:

Այս մոտեցման հետ համամիտ է հանձնաժողովի բարձրաստիճան կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Առայսօր մենք չունենք որևէ ապացույց, որը կհաստատի նախագահ Թրամփի պնդումը, որ իր նախորդը գաղտնալսել է նրան և նրա օգնականներին Trump Tower-ում: Չկան հիմքեր նման պնդումների համար»,- ասել է կոնգրեսական Շիֆը:

Կոնգրեսականներ Նունեսն ու Շիֆը հայտարարել են, որ իրենք սպասում են արդարադատության նախարարության տեղեկությանը՝ կապված ամերիկյան որևէ դատարանի կողմից նման գաղտնալսման արտոնման հետ:

Նախագահ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Օբամային գաղտնալսումներ կազմակերպելու մեջ թվիթերյան գրառման միջոցով: Նախկին նախագահ Օբամայի մամլո խոսնակը հերքել է նախագահ Թրամփի մեղադրանքը՝ այն կոչելով կեղծ:

XS
SM
MD
LG