Մատչելի հղումներ

Հավայի նահանգի դատարանը կասեցրել է նախագահ Թրամփի ԱՄՆ-ը մահմեդականների մուտքն արգելող որոշումը


Trump Travel Ban Lawsuits
Trump Travel Ban Lawsuits

Նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել Հավայի նահանգի դատավոր Դերիկ Ուաթսոնի որոշման կապակցությամբ, որով կասեցվում էր մարտի 6-ին ընդունած նախագահի նոր հրամանագիրը մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ-ը արգելելու մասին: Նա ընդգծել է, որ անվտանգության տեսանկյունից որպես երկրի նախագահ նա իրավունք ունի վերահսկելու, թե ով է մուտք գործում Միացյալ Նահանգներ:

«Վտանգն ակնհայտ է, օրենքը՝ հստակ, իմ հրամանագիրը՝ տեղին: Ինձ ընտրել են որպեսզի ես փոխեմ պետական թերի և վտանգավոր համակարգն ու մտածողությունը, որը վտանգում է մեր երկիրն ու անպաշտպան թողնում ժողովրդին»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Դաշնային դատավոր Դերիկ Ուաթսոնը որոշում է կայացրել ի օգուտ Հավայի նահանգի դատախազ Դոգ Չինի ներկայացրած դատական հայցի:

Ըստ Չինի՝ Թրամփի հրամանագիրը հակասահմանադրական է, քանի որ թիրախավորում է մահմեդականներին և բացասաբար կանդրադառնա նահանգում ուսուցանող օտարերկրյա ուսանողների ու տուրիզմի ոլորտի վրա:

«Սա է Հավայի նահանգը դատական հայց ներկայացնելու պատճառը: Հրամանագիրը մեզ զգալի վնաս է հասցնում: Այն մեզ հետ է տանում այն ժամանակները, երբ առկա էր խտրականություն՝ հիմնված մարդկանց ազգային պատկանելիության կամ կրոնի վրա: Դա մի բան է, որին պետք է հակադրվել»,- ասել է Չինը:

Նախագահ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է մահմեդական մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ-ը արգելելու մասին: Նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց նա ստորագրեց մուտքը ժամանակավորապես արգելող առաջին հրամանագիրը, որը սակայն դժգոհության մեծ ալիք բարձրացրեց երկրում, հատկապես օդանավակայաններում: Արդյունքում նախագահի առաջին հրամանագրի կիրարկումը ժամանակավորապես կասեցվեց Սան Ֆրանցիսկոյի դաշնային վերահսկիչ դատարանի կողմից:

XS
SM
MD
LG