Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփի նախկին մրցակիցը կարող է նշանակվել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան


 Republican presidential candidate and former Utah Governor Jon Huntsman speaks at the Myrtle Beach Convention Center in Myrtle Beach, South Carolina, Jan. 16, 2012.
Republican presidential candidate and former Utah Governor Jon Huntsman speaks at the Myrtle Beach Convention Center in Myrtle Beach, South Carolina, Jan. 16, 2012.

Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանի անունը քաջ հայտնի է դիվանագիտական շրջանակներում: Նախկինում նա նշանակվել է դեսպան ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական նախագահների օրոք: 1992 թվականին նախագահ Ջորջ Բուշը նրան նշանակել էր Սինգապուրում ԱՄՆ-ի դեսպան, իսկ նախագահ Օբամայի օրոք նա ստանձնել էր Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

Յուտայի նախկին նահանգապետը մորմոնական կրոնի հետևորդ է: Նա ամուսնացած է, ունի 7 երեխա և փայլուն տիրապետում է չինարեն լեզվին:

Նախկինում նա լարված հարաբերություններ ուներ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով քննադատել էր Հանթսմանի մոտեցումները Չինաստանի հարցում: Նրանց միջև լարվածությունը դրսևորվեց նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Հետագայում Հանթսմանն աջակցեց Դոնալդ Թրամփին և անգամ կողմ արտահայտվեց նրա հեռախոսազրույցին Թայվանի նախագահի հետ: Մի շարք աղբյուրներ հաստատել են, որ Հանթսմանը պատրաստվում է համաձայնություն տալ նախագահ Թրամփի առաջարկին, սակայն Հանթսմանն ինքը դեռևս չի հաստատել տեղեկությունը:

Դեսպանի պաշտոնում նշանակման դեպքում, Հանթսմանին դժվար կլինի խուսափել ռուս-ամերիկյան օրակարգում այսօր առկա հարցերից, որոնք կապված են Ռուսաստանի և նախագահ Թրամփի նախընտրական թիմի միջև կապի մասին հնչեցվող մեղադրանքների հետ:

Հիշեցնենք, որ Ջոն Հանթսմանի հայր Հանթսման ավագը, ով հայտնի գործարար է և բարերար, 1988 թվականից ի վեր Հայաստանում իրականացրել է շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական ծրագրեր կրթության, առողջապահության և այլ ոլորտներում, հատկապես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի գոտում: Նա իր ընտանիքի անդամների հետ մի քանի տասնյակ այցելություններ է իրականացրել Հայաստան: Իր գործունեության համար Հանթսման ավագին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումն, ինչպես նաև պետական երկու պարգևներ ներառյալ Մեսրոպ Մաշտոց շքանշանը:

2012 թվականին Հանթսման ավագի Սիվիլնեթ լրատվական կենտրոնին տրամադրած ավելի քան 1 մլն. ԱՄՆ դոլար նվիրատվությունը հայտնվել է Հայաստանի իրավապահ մարմինների փողերի լվացման հատկանիշներով հարուցած քրեական գործի կենտրոնում ընդդեմ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի: Օսկանյանն ու «Սիվիլիթաս» հիմնադրամը քրեական գործը ներկայացրել են որպես քաղաքական հետապնդում: Հետագայում քրեական գործը կարճվել է:

XS
SM
MD
LG