Մատչելի հղումներ

Ռուսաստանի դեմ հարկավոր է կիրառել համապատասխան ջանքեր, ասում են փորձագետները


Ռուսաստանի դեմ հարկավոր է կիրառել համապատասխան ջանքեր, ասում են փորձագետները
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00

Ամերիկացի վերլուծաբանները եւ Էստոնիայի նախկին նախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ժամանակ այն միտքն արտահայտեցին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջանք չի խնայում ԱՄՆ-ում ու Եվրոպայում ժողովրդավարությունը վնասելու, նրանց միջեւ ռազմական դաշինքը թուլացնելու եւ ռուսական ազդեցությունը մեծացնելու համար:

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հավատացած է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է ազդեցություն գործել ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների վրա:

Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելը դա համարում է հարձակում ընդդեմ ԱՄՆ-ի: "Եվ եթե մենք այսօր արդյունավետ պատասխան չտանք, Պուտինն ավելի մեծ սպառնալիք կդառնա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար", ասում է նա:

Նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, թե ուզում է բարելավել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները: Մի բան, որի նկատմամբ նրա կուսակից կոնգրեսականները նույն վերաբերմունքը չեն ցուցաբերել:

"Ռուսները մեր բարեկամները չեն: Նրանք ներխուժում են իրականացրել Ղրիմում", հայտարարել է Միթչ Մաքքոնելը:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում վերլուծաբան Փիթըր Դորանն ասաց, թե Մոսկվան զանգվածային քարոզչություն է իրականացնում` վնասելու համար Արեւմուտքի ժողովրդավարությունը ու ԱՄՆ-Եվրոպա ռազմական դաշինքը: "Եվ ես այսօր ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Ռուսաստանի այս ռազմավարության զարգացման արագության վրա", հայտարարեց նա:

Փորձագետների խոսքերով, Ռուսաստանը, կեղծ լուրեր տարածելով, փորձ է անում հրահրել քաղաքական հակամարտություններ, ուշադրությունն իրենից շեղելու համար: Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Իլվեսն էլ հավատացած է, որ Ռուսաստանն այսօր փորձում է իր ազդեցությունը գործել Ֆրանսիայի, Գերմանիայի ու Նիդերլանդների ընտրությունների վրա, "ինչպես դա արեց ԱՄՆ-ում: Ու հոլանդացիներն այնքան են մտահոգվել այդ հանգամանքով", ասում է նա, "որ որոշել են ընտրություններն անցկացնել ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ քվեաթերթիկներով":

Ազգային պաշտպանության համասարանի փորձագետներից Փիթըր Էլթսովի խոսքերով, Ռուսաստանն օգնում է ֆինանսավորել Եվրոպայի քաղաքական մի շարք գործիչների, հատկապես Ֆրանսիայի նախագահի ծայրահեղ աջթեւային թեկնածու Մարին լե Պենին: "Նա Պուտինի մեծ սիրահարն է, եւ նույնիսկ պատրաստվում է ճանաչել Ղրիմի բռնակցումը", ասաց նա լսումների ժամանակ:

Փորձագետների խոսքերով, Ռուսաստանն աջակցում է Եվրոպական Միության աջթեւայիններին ու ծայրահեղ աջերին` Եվրոպական Միությունը մասնատելու նպատակով: Նրանք հորդորում են ԱՄՆ-ին ու նրա եվրոպական դաշնակիցներին դա թույլ չտալու համար կիրառել համապատասխան ջանքեր:

XS
SM
MD
LG