Մատչելի հղումներ

Սպիտակ տան ու Թրամփի թվիթերյան հայտարարությունները՝ ուշադրության կենտրոնում


ԱՄՆ-ի նախագահի օգնականները շարունակում են պաշտպանել հեռախոսազրույցները գաղտնալսելու մեջ նախկին նախագահ Օբամային մեղադրելու Դոնալդ Թրամփի մեղադրանքները։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը զարմացրեց Սպիտակ տուն այցելած զբոսաշրջիկներին, երբ շատ հանկարծակի հայտնվեց նրանց առջեւ։ Իսկ մեկ այլ սրահում նրա խոսնակ Շոն Սպայսերը զբաղված էր նախկին նախագահ Բարաք Օբամային Թրամփի կողմից հղված մեղադրանքները պաշտպանելու գործով։

Այն հարցին, թե կան արդյոք փաստեր ապացուցելու համար, որ ՝՝Թրամփ Թաուեր՛՛ անվանումը կրող երկնաքերում Օբամայի կարգադրությամբ իրականացվել են գաղտնալսումներ, Շոն Սպայսերը պատասխանեց.

՝՝ Կարծում եմ, շատ խելացի ու նախընտրելի կլիներ այդ հարցն ուղղել Ներկայացուցիչների պալատի ու Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովներին, որոնք արդեն սկսել են խնդրի քննարկումը՛՛։

Բարաք Օբաման մի քանի օր առաջ էր հերքել Թրամփի մեղադրանքները։ Դա հերքել է նաեւ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերը։

Թրամփը պահանջել է սկսել իր մեղադրանքների ճշմարտացիությունն ուսումնասիրելու հարցով հետաքննություն, սակայն այստեղ կարող են ծագել մի շարք հարցեր, ասում է իրավական հարցերով վերլուծաբան Ալան Մորիսոնը։
՝՝Առաջին հարցն իրավական հարց չէ, այն ուղղակի մի պարզ հարց է։ Կա՞ արդյոք այդ մեղադրանքի համար որեւէ հիմք։ Մինչ այժմ բացի կասկածներից, որեւէ փաստարկ չկա, իսկ կասկածը բավարար չէ հետաքննություն սկսելու համար՛՛։

Իսկ Կոնգրեսի երկու պալատների հետաքննությունների հարցերով հանձնաժողովները եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել են Թրամփի նախընտրական արշավի ու Ռուսաստանի կառավարության միջեւ հնարավոր կապերի շուրջ հետաքննություն։

Դեմոկրատները, նրանց թվում սենատոր Դայան Ֆայնստայնը, պաշտպանում են ավելի ընդգրկուն ու անկախ հետաքննություն իրականացնելու գաղափարը։

՝՝Չափազանց կարեւոր է, որ Ամերիկայի ժողովուրդը վստահություն տածի այս հետաքննության նկատմամբ, եւ որ այստեղ չլինի շահերի նույնիսկ չնչին բախում կամ քաղաքական որեւէ ներգործություն՛՛, ասում է սենատորը։

Ռուսաստանի հետ կապված հակասություններով լի այս պատմությունը, ինչպես նաեւ ՝՝Թվիթեր՛՛-ում Թրամփի մեկնաբանությունները Սպիտակ տան համար վերածվել են քաղաքական շփոթության, ասում է հանրապետական ստրատեգ Ջոն Ֆիհերին։

Նրա խոսքերով. ՝՝Չեմ հասկանում ՝՝Թվիթեր՛՛-ը ռազմավարության մի որակ է, թե այն պարզապես ներկայացնում է Թրամփի էությունը։ Պարզ չէ նաեւ, թե նա հանգստանալու է, թե մեկնաբանությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ բոլորս չենք հարմարվել դրան՛՛։

Իսկ Թրամփի Սպիտակ տնից հնչող ու նրա թվիթերյան էջում հայտնվող հայտարարությունները պաշտոնական Վաշիգտոնն այսօր սկսում է փորձել զննել ավելի մեծ ուշադրությամբ։

XS
SM
MD
LG