Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ինքը ինքնաբացարկ է հայտնում 2Օ16 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի կողմից միջամտություն ցուցաբերելու հարցով անցկացվելիք հետաքննության ամբողջ ընթացքի համար: Պատճառն ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ մինչեւ ընտրությունները նրա ունեցած երկու հանդիպումներն են:

Միայն երեք շաբաթ պաշտոնավարելուց հետո ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ մինչեւ նախագահական ընտրությունները Ռուսաստանի դեսպանի հետ նրա անցկացրած երկու հանդիպումները համարվում են շահերի բախում ու անթույլատրելի քայլ ԱՄՆ-ում:

Բարձրացած աղմուկի ներքո Սեշընզը հրաժարական չներկայացրեց, սակայն ստիպված եղավ հայտարարել, որ նախագահական ընտրարշավի հարցով անցկացվելիք հետաքննության ամբողջ ընթացքի համար հայտարարում է ինքնաբացարկ, այսինքն` որեւէ կերպ չի մասնակցելու հետաքննության ընթացքին:
Մյուս խնդիրն այն է Սեշընզի համար, որ ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ անցյալ տարի անցկացրած հանդիպումների մասին նա խուսափել էր պատմել հունվար ամսին իր նշանակման հարցով Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ:

Սեշընզը համառորեն հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն Սենատի առջեւ ինքը հանդես է եկել մոլորեցնող հայտարարություններով:

Հանրապետական կոնգրեսականներն ասում են, որ եթե կան փաստեր, հարկավոր է հաշվի առնել ու գործել համապատասխանաբար, սակայն, հիմա որեւէ փաստ չունենք, ասում են նրանք: Իսկ ահա Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չարլզ Շումերի խոսքերով, “Հստակ է, որ արդարադատության նախարար Սեշընզը չի հանձնել անկողմնակալության ու արդարամիտ լինելու քննությունը, ինչի համար նախարարը պիտի ներկայացնի հրաժարական”:

Հավաքված ցուցարարները նույնպես պահանջում են նախարարի հրաժարականը:

“Չգիտենք, թե ինչի մասին է նա խոսել Ռուսաստանի դեսպանի հետ”, ասում են նրանք ու շարունակում, “սակայն այն փաստը, որ նա խուսափել է անկեղծ պատասխանից, թույլ չպիտի տա նրան մնալ որպես արդարադատության նախարար”:

Սակայն չնայած այս հակասություններին, նախագահ Թրամփը շարունակում է աջակցել Սեշընզին` նրան անվանելով “ազնիվ անձնավորություն, որը լսումների ժամանակ կարող էր տալ ավելի ճշգրիտ պատասխաններ”:

Իսկ նման հակադիր դիրոքորոշումները խոսում են այն մասին, որ Սեշընզի անունը դեռ երկար ժամանակ կմնա քաղաքական ու բարոյական հարվածների ներքո:

XS
SM
MD
LG