Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի վերջին ելույթը համարում են ՝՝իսկական նախագահական՛՛


ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ նիստում նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթն իր վրա է հրավիրել մեծ ուշադրություն, այս անգամ ոչ թե սուր ու հակասական խոսքերի, այլ՝ ավելի մեղմ ու հանդրուժողական մտքերի համար։ Մի բան, որը լավատեսություն է ներշնչում շատերին, ու հավատ, որ նախագահն ի վերջո գտել է նախագահի խոսելաոճը։

Մինչեւ Կոնգրեսի համատեղ նիստում նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթը, շատերն էին ակնկալում, որ նախագահը շարունակելու էր նախընտրական արշավի ժամանակ որդեգրած խոսքի երանգները։ Սակայն նրանք բոլորը զարմացան, որ նախագահի խոսքն այս անգամ ավելի շատ պարունակում էր լավատեսություն, եւ արտահայտվում էր ավելի մեղմ խոսելաոճով։

Ինչպես վերլուծաբան Ջերեմի Մեյերն է ասում, ՝՝Դա նրա ամենահաջողված ելույթն էր։ Ելույթ, որը լի էր փոխզիջումային մտքերով, հանդարտությամբ, միասնաբար աշխատելու կոչերով, ինչը շատ տարբեր էր նրա սովորական հռետորաբանական ոճից՛՛։

Իսկ խոսքի երանգի դրական այս փոփոխությունը կարող է ուղի հարթել այն բանի համար, որ առողջապահական ու հարկային համակարգերում փոփոխություններ իրականացնելու նրա առաջարկների շուրջ Կոնգրեսում ակնկալվող քաղաքական ճակատամարտը ավելի հանդարտ ընթանա։

Վերլուծաբաններից Ջոն Ֆորթիերի խոսքերով, Թրամփը դեռեւս չգիտի, թե ինչպես է կատարելու նախապես տրված այս կամ այն խոստումը։ ՝՝Այն հանգամանքը՛՛, ասում է նա, ՝՝որ նա ցույց է տալիս առաջնորդելու դրական միտումներ եւ խոչընդոտները միասնաբար հաղթահարելու պատրաստակամություն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Թրամփն ընտրել է խելամիտ ուղի՛՛։

Սակայն մեծաթիվ դեմոկրատներ, միայն մի ելույթից ելնելով, չեն ուզում հանդես բերել լավատեսություն։ Օրինակ, ինչպես սենատոր Չաք Շումերն է ասում, Թրամփի ելույթները միշտ են եղել իրականությունից կտրված։

՝՝Նա իր խոսքն ուղղում է աշխատավոր ժողովրդին, սակայն կառավարելիս, ընտրում է այդ աշխատավորների շահերի դեմ քաղաքականություն՛՛, ասում է կոնգրեսականը։


Ամերիկյան համալսարանից Ջեյմս Թուրբերը հիշեցնում է, որ Թրամփի ներկա 4Օ տոկոսի վարկանիշը ամենացածրն է Դուայթ Էյզենհաուերից հետո բոլոր նախագահների առաջին ամիսների ընթացքում գրանցված վարկանիշներից։ ՝՝Սակայն նրա այս ելույթը՛՛, ասում է վերլուծաբանը, ՝՝վերջին հարցումների համաձայն արժանացել է դրական մեծ արձագանքի, ինչը կարող է նախագահն օգտագործել իր վարկանիշը նկատելիորեն բարձրացնելու համար՛՛։

Ե՛վ հանրապետական ե՛ւ դեմոկրատ կոնգրեսականները ներակայումս ուզում են հասկանալ, թե արդյոք Թրամփի դրականորեն փոփոխված այս կեցվածքը միայն մեկ օրվա համար էր, թե նրա համար այն դառնալու է մշտական ուղղություն։


Դոնալդ Թրամփի կեցվածքն ի վերջո նմանվեց նախագահի կեցվածքի, ասում են փորձագետները ու նշում, որ նախընտրական խոստումներն իրականություն դարձնելու համար հարկավոր է, որ այդ կեցվածքը նախագահական էլ շարունակի մնալ։

XS
SM
MD
LG