Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված իր ելույթում կրկին ընդգծել է, որ առաջնայինը ԱՄՆ-ի շահերն են: Այս ուղերձն ուղղված էր ամերիկյան ներքին լսարանին, սակայն միջազգային հանրությունը ևս ուշադրությամբ հետևում էր Միացյալ Նահանգների նախագահի խոսքին:
«Մեր դաշնակիցների հետ մենք ունենք ընդհանուր շահեր անվտանգության հարցերում: Եվ այդ ամենն ամերիկյան առաջնորդության ներքո է: Մենք ամբողջապես աջակցում ենք ՆԱՏՕ-ին, մի դաշինքի, որը ձևավորվել է ֆաշիզմը տապալած երկու աշխարհամարտերի և կոմունիզմին հաղթած սառը պատերազմի ընթացքում: Սակայն մեր դաշնակիցները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները»,- հայտարարել է Թրամփը:
Լոնդոնում գործող Եվրոպական բարեփոխումների կենտրոնի փորձագետ Յան Բոնդը մեկնաբանում է Թրամփի ելույթը:
«Նա չի կրկնել այն դրույթը, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է,նա նույնիսկ ընդգծել է դրա կարևորությունը: Սակայն նա կրկին խոսել է ՆԱՏՕ-ի երկրների վճարումների մասին այն ոճով, կարծես թե ԱՄՆ-ը տրամադրում է թիկնապահի ծառայություններ»,- ասել է Բոնդը:
Բոնդը նաև քննադատել է Թրամփի խոստումը՝ կտրուկ մեծացնելու ԱՄՆ-ի ռազմական ծախսերը: Նա կարծում է, որ հանրապետական առաջնորդներն ու ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը ևս դեմ են ամերիկյան արտաքին օգնության կրճատման հաշվին ռազմական ծախսերի մեծացման մոտեցմանը:
Պեկինում գործող China Policy հետազոտական խմբի ղեկավար Դեյվիդ Քելին իր հերթին կարծում է, որ նման մոտեցումը նոր հնարավորություններ կընձեռնի Չինաստանին՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Իր ելույթների ընթացքում նախագահ Թրամփը բազմիցս քննադատել է Չինաստանի հետ ներկա առևտրային հարաբերությունները:
«Մենք շուրջ 60 հազար գործարան ենք կորցրել այն պահից, երբ Չինաստանը միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը 2001 թվականին»,- հայտարարել է Թրամփը:
Իր ելույթի ընթացքում նախագահ Թրամփը ուղղակիորեն չի խոսել իր նախորդի ուշադրության կենտրոնում գտնվող աֆրիկյան մայրցամաքի վերաբերյալ, բացառությամբ, երբ խոսքը գնում էր ԴԱԵՇ-ի մասին:
«Այս վարչակազմը իր առաջին ամսում այդպես էլ լուրջ չձևակերպեց, թե ինչպիսին է լինելու իր քաղաքականությունն Աֆրիկայի նկատմամբ: Բացի այդ, դեռևս նշանակված չեն այս հարցով պետքարտուղարի տեղակալն ու բազմաթիվ աֆրիկյան երկրներում դեսպաններ»,- ասում է Միջազգային հարաբերությունների Հարավաֆրիկյան ինստիտուտի փորձագետ Սթիվեն Գրուզդը:
Նախագահ Թրամփի ավելի զսպված ելույթն ընդհանուր առմամբ դրական է գնահատվել, սակայն միջազգային հանրությունն ու առաջնորդներն ակնկալում են ավելի շատ մանրամասներ լսել այս վարչակազմի ապագա քաղաքականության վերաբերյալ: