Մատչելի հղումներ

«Ամերիկացիների յուրաքանչյուր սերունդ փոխանցում է արդարության, ազատության եւ արդարադատության ջահը. Այդպես շարունակվել է մինչ օրս եւ այդ ջահն այժմ մեր ձեռքում է եւ այդ ջահի միջոցով մենք կլուսավորենք աշխարհը», - այսպես սկսեց Կոնգրեսին իր առաջին ուղերձը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

Իր ծրագրային ուղերձում Թրամփն իր տեսլականը ներկայացրեց օրակարգի բոլոր հարցերի շուրջ՝ պաշտպանությանն ու տնտեսության ամրապնդման հեռանկարներից մինչեւ ներգաղթային նոր քաղաքականության մշակում․

«Նրանք, ովքեր Միացյալ Նահանգներ մուտք գործելու պատվի են արժանացել, պետք է այս երկրի բարեկամը լինեն եւ սիրեն երկրի քաղաքացիներին եւ արժեքները»։

ԱՄՆ-ի նախագահը հատուկ անդրադարձավ ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությանը, հիշեցնելով, որ պաշտպանության նախարարությանը կարգադրել է Դաեշի ոչնչացման ծրագիր մշակել․

«Դաեշն ապօրինի մարդասպանների մի ցանց է, որը սպանում է մահմեդական թե քրիստոնյա, տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Մենք համագործակցելու ենք մեր դաշնակիցների, այդ թվում եւ մահմեդական աշխարհում մեր ընկերների հետ, որպեսզի այդ զազրելի թշնամուն մաքրենք Երկրի երեսից»։

Դոնալդ Թրամփը քննադատեց նախկին վարչակազմի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, նշելով, որ վերջին տարիներին Ամերիկան վեց տրիլիոն դոլար է ծախսել այդ տարածաշրջանում․

«Այդ վեց տրիլիոն դոլարով մենք կարող էինք երկու անգամ վերակառուցել մեր սեփական երկիրը»։

Փոխարենը նախագահ Թրամփի խոսքով առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արտերկրյա ծրագրերին այլ Միացյալ Նահանգների ներսում ենթակառուցվածքների վերականգնմանը, կրթության եւ առողջապահության բարելավմանը։ Ամերիկյան նոր վարչակազմը նախատեսում է ավելացնել ռազմական ծախսերը՝ զինված ուժերի վերազինման համար եւ աջակցում է ՆԱՏՕ-ին, միեւնույն ժամանակ պահանջելով դաշինքի մյուս անդամներից պաշտպանության ծախսերն ավելացնել մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոս։ Արտաքին ոլորտում Սպիտակ տունը շարունակելու է աջակցել ազատությանն ու մարդու իրավունքներին, առաջնահերթություն տալով ներքին խնդիրների կարգավորմանը․

«Ազատ պետությունները մարդկանց կամաարտահայտման լավագույն միջոցներն են եւ Ամերիկան հարգելու է բոլոր երկրների իրավունքը՝ ընտրել սեփական ուղին։ Իմ աշխատանքն աշխարհը ներկայացնելը չէ։ Իմ աշխատանքն է ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները»։

Դոնալդ Թրամփն ավելացրեց, որ Ամերիկայի շահերից է բխում աշխարհում կայունության եւ խաղաղության հաստատումը եւ բոլորին կոչ արեց հավատալ սեփական փայլուն ապագային։

XS
SM
MD
LG