Մատչելի հղումներ

«Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում»


«Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում»
please wait

No media source currently available

0:00 0:06:34 0:00

«Human rights watch»-ը հետազոտել է երեխաների իրավունքների խախտումները Հայաստանում։ Բացի այդ, հետազոտվել են ներառական կրթության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները, որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող երեխաները:

«Հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրել հավասար պայմաններում և չպետք է լինեն մեկուսացված»,- այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում» թեմայով զեկույցի ժամանակ ասաց «Human rights watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող և զեկույցի հեղինակ Ջեյն Բյուքենընը։

«Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրեն և զեկույցի հետազոտող Գիորգի Գոգիան մեզ հետ զրույցում ասաց, որ զրուցել են մոտ 170 մարդկանց հետ Հայաստանի 8 քաղաքներից, որոնք են՝ Երևանը, Կապանը, Գորիսը, Վանաձորը, Գյումրին, Արմավիրը, Հացիկը և Ճամբարակը: «Զրուցել ենք 47 երեխաների հետ, 63 ընտանիքների, որոնց երեխաները բնակվում են մանկատներում, հաճախում են հատուկ կամ հիմնական դպրոցներ, այցելել ենք 5 մանկատներ և 10 դպրոցներ, որոնցից վեցը հատուկ դպրոցներ են»:

Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում մեծանալու իրավունք, և կառավարության ու դոնորների ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին և երեխաներին, այլ՝ ոչ խոշոր հաստատություններին:

Հայաստանում hազարավոր երեխաներ անհարկի կերպով առանձնացվում են իրենց ծնողներից և փոխադրվում տարբեր հաստատություններ՝ հաշմանդամության կամ աղքատության պատճառով, նշել է Human Rights Watch-ը այսօր հրապարակված հաշվետվության մեջ: Կառավարությունն անհապաղ պետք է ապահովի համայնքահեն ծառայություններ և որակյալ ներառական կրթություն, որպեսզի բոլոր երեխաները, այդ թվում հաշմանդամություն ունեցողները, կարողանան մեծանալ ընտանիքում:

Երեխաներն իրենց ծնողներից առանց անհրաժեշտության չբաժանվելու իրավունք ունեն: Ո՛չ աղքատությունը և ո՛չ հաշմանդամությունը չեն կարող արդարացում կամ հիմք լինել երեխային հաստատությունում տեղավորելու համար: Կառավարությունը նպատակ ունի խնամքի առնվազն 22 հաստատություններից դուրս բերել երեխաներին մինչև 2020 թվականը և այս շինությունները վերածել համայնքահեն ծառայություններ տրամադրող կենտրոնների։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի հաստատություններում գտնվող երեխաներին ուղղվող ֆինանսական աջակցությունը կազմում է մեկ երեխայի համար տարեկան 3000-ից 5000 ԱՄՆ դոլար: Այդ միջոցները կարող էին օգտագործվել համայնքահեն ծառայությունների և ընտանիքների համար ուղղակի աջակցության նպատակով, որն, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ավելի քիչ ծախսատար է երկարաժամկետ առումով:

Նույնիսկ ռեսուրսներով առավել հագեցած մանկատները հաճախ գերբնակեցված են, իսկ երեխաները բաժանվում են խոշոր խմբերի՝ քիչ թվով խնամակալների հետ։ Նույնիսկ առավել նվիրված աշխատակազմը կարող է ի վիճակի չլինել տրամադրել անհատական այն ուշադրությունն ու խնամքը, որը երեխաներին անհրաժեշտ է զարգանալու համար:

Կրթության առումով, կառավարությունը պարտավորվել է ողջ դպրոցական համակարգը ներառական դարձնել մինչև 2022 թվականը։ Սակայն, ներկայումս, կրթական առաջադիմությանը անհատական մոտեցման բացակայության, ինչպես նաև դպրոցներում և համայնքներում ֆիզիկական խոչընդոտների պատճառով Հայաստանում հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ ընդհանրապես կրթություն չեն ստանում։ Մյուսները, ովքեր ընդգրկված են համայնքային «ներառական» դպրոցներում, երբեմն կարող են շաբաթվա մեջ միայն մի քանի օր կամ օրական ընդամենը մի քանի ժամով դպրոց հաճախել:

«Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ դասերին չեն հաճախում մյուս երեխաների հետ միասին, կամ դասարանում գտնվելու դեպքում չեն ստանում այն ծառայությունները, որոնք նրանց անհրաժեշտ են կրթական ծրագրին մասնակցելու համար, - Գիորգի Գոգիան,-Միջազգային չափանիշները սահմանում են, որ դպրոցները պետք է լիովին մատչելի լինեն և ողջամիտ հարմարեցումներ ապահովեն աշակերտներին աջակցելու համար՝ անկախ նրանց հաշմանդամությունից։ Հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող աջակցության միջոցները պետք է լինեն անհատականացված` հիմնված յուրաքանչյուր երեխայի ուսուցման կոնկրետ կարիքների վրա և պետք է ամրապնդեն դասարանում լիարժեք մասնակցելու հնարավորությունները հաշմանդամություն ունեցող աշակերտների համար:

Հայաստանի կառավարությունը որոշ համարձակ պարտավորություններ է ստաձնել երեխաների թիվը հաստատություններում նվազեցնելու համար, բայց պետք է ապահովի, որ այդ խոստումները հենված լինեն լուրջ, հետևողական գործողությունների վրա։ Մինչդեռ հպարտանալու քիչ պատճառ կա այսօր։ Օրինակ, ներառական կրթությունը ճիշտ չէ կազմակերպված։ Եթե երեխան ուսուցում է ստանում տուն այցելող ուսուցչի միջոցով, դա ներառարական կրթություն չէ, եթե նրան հանում են դասարանի միջավայրից ու առանձին հանձնարարությունների ձևով ուսուցում կազմակերպում, դա ներառական կրթություն չէ։

Այս կարգի հետազոտություն Հայաստանում կատարվել է առաջին անգամ, և այն նպատակ ունի բացահայտել բացթողուները ու ցույց տալ ճիշտ ճանապարհը այդ խնդիրների լուծման համար>>։

Զեկույցին կցված է մի տեսահոլովակ, որը պատմում է կատարված հետազոտության մասին և ներկայացնում մարդկային պատմություններ։

Տպավորիչ է հաշմանդամություն ունեցող Մարիի խոսքը․ << Պետք է գնալ սովորական դպրոց, որտեղ բոլորը հավասար են, պետք չէ ամաչել հաշմանդամության համար>>։

XS
SM
MD
LG