Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այցելել է Իրաք


Mattis in Bagdad
Mattis in Bagdad

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն օրերս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ չունի բռնագրավելու իրաքյան նավթի պաշարները: Այս հայտարարությունը սակայն հակասում է նախագահ Դոնալդ Թրամփի նախկինում արված հայտարարությանը, որով իրաքյան նավթը դիտարկվում էր որպես փոխհատուցում Միացյալ Նահանգների ներգրավվածությանն իրաքյան պատերազմում:

Մեթիսի այս հայտարարությունը հնչել է Բաղդադ կատարած նրա այցի ընթացքում, որը տեղի էր ունենում ԴԱԵՇ-ի դեմ Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների երկրորդ օրը:

Իրաքի իր պաշտոնակից Իրֆան ալ Հայալիի հետ հանդիպման ժամանակ նախարար Մեթիսը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը կօժանդակի Իրաքին ԴԱԵՇ-ի դեմ պայքարում:

«Իրաքյան բանակը շատ լավ գործողություններ է իրականացրել: Եղել են կորուստներ, սակայն նրանք շարունակում են արիաբար կռվել: Նրանք պայքարում են՝ իրենց քաղաքացիներին ԴԱԵՇ-ից պաշտպանելու համար: Ես այստեղ եմ, որպեսզի գործընկերոջս հայտնեմ նրա բանակի կողմից իրականացվող գործողությունների համար իմ հիացմունքը»,- հայտարարել է նախարար Մեթիսը:

Իրաքյան զորքերին հաջողվել է օրերս ազատագրել Մոսուլի հարավային արվարձանները, ներառյալ Աբու Սայիֆ բնակավայրի շուրջն ընկած բարձունքները: Կռիվներ են ընթանում նաև Մոսուլի օդանավակայանի շրջանում, որը իրաքյան բանակը նախատեսում է ազատագրել և օգտագործել որպես կարևոր կենտրոն: Մամուլը հաղորդում է, որ իրաքյան բանակի գործողություններն ընթանում են դանդաղ՝ հավելյալ զոհերից խուսափելու համար:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կմնա Իրաքում Մոսուլի ազատագրումից հետո, նախարարն ասել է, որ իր կարծիքով, իրենք կշարունակեն պայքարը:

Անցած ամիս շուրջ 100 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում իրաքյան զորքերը ԴԱԵՇ-ից ազատագրեցին Մոսուլի արևելյան հատվածը: Ամերիկյան ռազմական պաշտոնյաները սակայն զգուշացրել են, որ ԴԱԵՇ-ից քաղաքի արևմտյան հատվածի ազատագրումն ավելի դժվար կընթանա:

XS
SM
MD
LG