Մատչելի հղումներ

«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում», - Միացյալ Նահանգների մայրաքաղաքում 11-ամյա Սյունե Համբարյանի կողմից արտասանված Չարենցի այս տողերը հատուկ նշանակություն ունեին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ամենամյա ընդունելությանը ներկաների համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի խոսքով, անցնող միջոցառումը հայ համայնքի ուժի լավագույն ցուցանիշներից մեկն է.

«Մենք մեր դատը առաջ պետք է տանենք, անվերջ աշխատենք, որպեսզի այդ դատն առաջ ընթանա»:

Պատմության համար հայերի հատուկ նշանակության մասին էր խոսում նաեւ միջոցառմանը ներկա սենատոր Մարք Քըրքը, ում հանձնեցին Հայ դատի հանձնախմբի ազատության մրցանակը: Սենատոր Քըրքի եւ նրա գործընկերների ջանքերի շնորհիվ Միացյալ Նահանգների բազմաթիվ նահանգների դպրոցներում երեխաներին պարտադիր պատմում են Հայոց ցեղասպանության մասին: Հայաստանի բարեկամ կոնգրեսականների ջանքերով Հայաստանին մեծ չափերով ամերիկյան օգնություն է տրամադրվում, որի շնորհիվ բազմաթիվ հայ երիտասարդներ անվճար կրթություն են ստացել աշխարհի լավագույն համալսարաններում, իսկ գյուղական շրջաններում մարդիկ ճանապարհներ եւ ջուր են ստացել:

Սենատոր Քըրքից բացի Ազատության մրցանակ էր ստացել նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանը, ով ներկա չէր, սակայն, հավաքվածներին հատուկ շնորհակալական խոսքով դիմեց.

«Այս բոլոր տարիների ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եղել է արցախցիների կողքին»:

Ի դեպ, Ղարաբաղի մասին այս երեկո շատ էր խոսվել: Հատկապես տպավորված էր Լեռնային Ղարաբաղ կատարած իր վերջին այցից հայտնի ամերիկահայ ֆոտոլրագրող Սքաութ Թուֆենքչյանը, ով հայտնի է Բարաք Օբամայի նախընտրական աշխավները լուսաբանելու փաստով: Ղարաբաղում դասախոսություններ կարդացած Թուֆենքչյանին հատկապես տպավորել էր երիտասարդությունը.

«Այդ երեխաներն այնքան խելացի, այնքան նպատակասլաց, այնքան հետաքրքրված էին: Նրանք այս խելահեղ փոխկապակցված գլոբալ աշխարհի լիարժեք մասն էին կազմում, միեւնույն ժամանակ մնալով կենտրոնացած Ղարաբաղի եւ դրա բարեկեցությանն ու անվտանգությանը նպաստելու վրա»:

Հատուկ մրցանակներ էին ստացել նաեւ անվանի գիտնական, Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լեւոն Ավդոյանը, Ցեղասպանություններ ուսումնասիրող գիտնականների ընկերակցության հիմնադիր Ռոջեր Սմիթը, ԱՄՆ-ի հայ համայնքի գործիչներ Ջոն Ջերիկյանն ու Թոմ Վարդապետյանը եւ դեռեւս Առաջին հանրապետությունում ծնված 97-ամյա Լեւոն Փալիանը: Ի դեպ, կիսվելով հավաքվածների հետ երկարակեցության բանաձեւով, նա նշեց, որ երբեք ծխախոտ չի օգտագործել, իսկ ոգելիս խմիչքների նկատմամբ սառնասիրտ է եղել, սակայն, ունեցել է մի գաղտնիք.

«Մեկ բան կա, որ չեմ կարող մեղքս թաքցնել, այն է, որ գեղեցիկ հայ աղջիկներին միշտ շատ եմ սիրել»:

XS
SM
MD
LG