Մատչելի հղումներ

Կիրակի օրն ԱՄՆ պետքարտուղարի արած հայտարարությունն իսրայելական մամուլը գնահատել է որպես ոչ դիվանագիտական և քննադատական:

Կիրակի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ելույթ ունենալով Վաշինգտոնում իսրայելամետ լսարանի առջև, պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վարած քաղաքականությունը գնահատել է վտանգավոր:

Պատասխանելով լրագրողների հարցին Բրուքինգս հաստատության տարեկան Սաբան ֆորումի ընթացքում՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հետընթաց է ապրում և շարժվում սխալ ուղղությամբ:

Անկախ Times of Israel պարբերականը Քերրիի խոսքերը գնահատել է որպես խայթող կշտամբանք:

Պետքարտուղար Քերրին նաև խորը մտահոգություն է հայտնել ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքով խնդրի լուծման դեմ Իսրայելի կրթության նախարար Նաֆթալի Բենետի վերջերս արած հայտարարության կապակցությամբ։ Նշենք, որ նախկինում պետքարտուղար Քերրին աչքի է ընկել Իսրայելի հետ ակտիվ շփումներով: Նա պետքարտուղար եղած շրջանում շուրջ 375 անգամ խոսել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, ինչպես նաև 40 անգամ այցելել Իսրայել:

Քերրին ասել, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ արդիական՝ չնայած հարևան Իրաքում և Սիրիայում առկա ծանր իրավիճակին:

Օբամայի վարչակազմի պաշտոնյաները, սակայն, անցած շաբաթ բացառել են Իսրայելի նկատմամբ որևէ ճնշում կիրառելու հնարավորությունը, ներառյալ ՄԱԿ-ում:

Միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյաներին զայրացնում է գրավյալ տարածքներում հրեական բնակավայրերի ստեղծման դեմ Իսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ-ի քննադատությունների անտեսման փաստը։

Չնայած հարաբերություններում առկա լարվածությանը, երկու երկրները վերջերս հասան համաձայնության, որով 38 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերվելու Իսրայելին 10 տարվա ընթացքում:

XS
SM
MD
LG