Մատչելի հղումներ

Սենատը հաստատեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին բանաձեւը


US - Iran
US - Iran

ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու մասին Կոնգրեսի բանաձեւը: “Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործառույթ անվանումը կրող բանաձեւը, որն անցավ ձայների 99-Օ հարաբերությամբ, վերջնական հաստատման համար ուղարկվել է Սպիտակ տուն:

Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ գործելիս` պիտի ունենա համապատասխան լծակներ: Այս մասին հայտարել է Սենատի հանրապետական ղեկավար Միթչ ՄաքՔոնելը:

Նրա խոսքերով, “պատժամիջոցները վճռական դեր ունեն, քանի որ այս երկիրը շարունակում է Մերձավոր Արեւելքում իր ազդեցությունն ընդարձակելու ջանքերը”:

Ամերիկան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սկսել է երկու տասնամյակ առաջ` Թեհրանին մեղադրելով միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ: Պատժամիջոցները մասնակիորեն մեղամցվեցին` Իրանի հետ անցյալ տարի միջուկային գործարք կնքվելուց հետո: Սակայն, ինչպես դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն է ասում, պատժամիջոցները միշտ էլ հարկավոր է պահել պատրաստ վիճակում:

Իրանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե պատժամիջոցներն ուժի մեջ պահելու հանգամանքը ոտնահարում է միջուկային հարցերով կնքված գործարքի պայմանները ու կարող է ունենալ իր հետեւանքները:

Իսկ ահա ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պարբերաբար է հանդես գալիս Իրանի հետ կնքված միջուկային գործարքը դատապարտող հայտարարություններով:

“Սա բոլոր ժամանակների ամենահիմար գործարքն է, գործարք, որն Իրանին կտա միջուկային զենքեր արտադրելու բացարձակ հնարավորություն: Եվ Իրանը մի օր մեզ շնորհակալություն է ասելու այդ գործարքի համար, եթե դրա առաջը մենք չառնենք”:

Վերլուծաբաններից Մեթյու Մաքքինիսի խոսքերով, հարկավոր չէ լիովին հրաժարվել միջուկային գործարքից:

“Եթե նախագահի պաշտոնում Թրամփն իրոք ցանկանա կնքել այնպիսի գործարք, որն ավելի խիստ պայմաններ դնի Իրանում միջուկային գործունեությունը վերահսկելու հարցում, նա պիտի ավելի խստացնի ճնշումներն ընդդեմ Թեհրանի, սակայն` միայն ու միայն ԱՄՆ-ի դաշնակից մյուս երկրների հետ համատեղ”:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը նույնպես խստորեն է վերաբերվում Իրանին առնչվող հարցերին:

“Իրանը պիտի իմանա օրենքը ոտնահարելու գինը”, ասում է նա ու շեշտում հրթիռների տարածումն արգելելու, ահաբեկչության դեմ պայքար ծավալելու եւ տարածաշրջանային կայունությունն ապահովելու գործում ԱՄՆ-ի դերը:

Հիշեցնենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործառույթը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցել էր ձայների 419-ը 1-ի հարաբերությամբ:

XS
SM
MD
LG