Մատչելի հղումներ

Շատ բան է փոխվել 1988 թվականի դեկտեմբերի 1-ի ՁԻԱՀ-ի համաշխարհային օրից ի վեր: Այն երկրներում, ուր արգելված էր խոսել հիվանդության մասին, այժմ անցկացվում են թեստեր և իրականացվում է բուժում: ՁԻԱՀ-ով վարակված մայրերը կարող են ունենալ առողջ երեխաներ և մեծացնել նրանց: Դեղամիջոցները կարող են կանխել հիվանդության տարածումը: Այժմ գիտնականները խոսում են պատվաստման և լիակատար բուժման մասին:

Գիտնականները փորձարկումներ են իրականացնում Հարավային Աֆրիկայում՝ բուժման համար համապատասխան պատվաստանյութ ստեղծելու նպատակով: Նրանք փորձում են ուժեղացնել իմունային համակարգը՝ հիվանդությունը վերահսկելու համար: Փենսիլվանիայի համալսարանում իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է:

«Մենք ներարկում ենք հիվանդներին տարբեր հակամարմիններ և տեսնում, որ դրանք սկսում են վերահսկել ՄԻԱՎ-ի վիրուսը և կանխել դրա վերադարձն այն ժամանակ, երբ մենք դադարում ենք հակառետրովիրուսային թերապիան»,- ասում է բժիշկ Փաբլո Թեբասը Փենսիլվանիայի համալսարանից:

Այս մեթոդը նման է իմունաթերափիայի մեթոդին, որը կիրառվում է քաղցկեղի բուժման ժամանակ: Այն քաղցկեղի բջիջների դեմ օգտագործում է սպիտակուցներ: ՄԻԱՎ-ի վիրուսը թաքնվում է բջիջների մեջ, և երբ հիվանդը դադարում է ընդունել հակա-ՁԻԱՎ-ի դեղամիջոցները, հիվանդությունը նորից գլուխ է բարձրացնում:

«Քաղցկեղի բուժման թերապիան միտված է ուժեղացնելու մարդու իմունային համակարգը, որը պետք է վերացնի քաղցկեղով վարակված բջիջները: Առողջ բջիջներում թաքնվող ՄԻԱՎ-ի վիրուսի վերացման ձևը նույնն է: Պետք է վերացնել վարակված բջիջներն իմունային համակարգի ուժեղացման միջոցով», ասում է բժիշկ Թեբասը:

Հետազոտողները բացահայտել են, որ հակամարմինները վերացնում են վիրուսը 21 օրով: Այժմ նպատակ կա ստեղծել այնպիսի հակամարմիններ, որոնք կզսպեն հիվանդությունը կես տարուց մինչև մեկ տարի: Այդ պարագայում հիվանդները ստիպված չեն լինի ամեն օր ընդունել դեղամիջոցներ ողջ կյանքի ընթացքում:

Երկու հակամարմինների օգտագործմամբ նոր բժշկական փորձերը կսկսվեն մոտակա ամիսներին:

XS
SM
MD
LG