Մատչելի հղումներ

Ամերիկացիներին այսօր ամենաշատը հետաքրքրող թեման երկրի նոր վարչակազմում Դոնալդ Թրամփի կողմից ընտրվող անձինք են։ Գոհաբանության տոների պատճառով նոր պաշտոնյաների ընտրության ընթացքը դանդաղել էր։ Սակայն մոտ օրերս սպասվում է նոր անունների հրապարակում։

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը սկսել է մինչեւ նախագահի պաշտոնը զբաղեցնելը ամենադժվար ու պատասխանատու գործը։ Նա ընտրում է իր ապագա վարչակազմի անդամներին, ու ինչպես փորձագետներն են ասում, ամենակարեւորն ու ամենապատասխանատուն արտգործնախարարի, այսինքն՝ պետքարտուղարի պաշտոնի նշանակումն է։

Այս պաշտոնում ամենահավանական թեկնածուներից է Հանրապետական կուսակցության հավատարիմ անդամներից, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդի Ջուլիանին, ով նախորդ շաբաթ ասել էր.

՝՝Ես քաղաքականությանը վերաբերող հարցեր երբեք չեմ քննարկի Թրամփի հետ, եւ չեմ քննարկի տարբեր պաշտոններում թեկնածուների ընտրության հետ կապված հարցեր՛՛։

Մյուս թեկնածուն հենց իր՝ Թրամփի ամենախիստ քննադատներից է։ Խոսքը Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի մասին է, որը հանդես էր եկել նման խոսքերով.

՝՝Ուշադրություն դարձրեք Դոնալդ Թրամփի անհատական որակների վրա՝ մարդկանց վախեցնելու նրա հատկությունը, ագահությունը, ինքնացուցադրումը ու երրորդ դասարանցուն համապատասխան՝ թատերական կեցվածքը։

Թրամփի ամենամոտ աջակիցները բարձրաձայն ու հրապարակայնորեն արտահայտում են Ռոմնիի թեկնածության նկատմամբ իրենց դժգոհությունը։
Ինչպես ԷսԲիՍի-ի Այս շաբաթ հաղորդաշարին է ասել Թրամփի խոսնակ Քելիան Քոնուեյը.

՝՝Ես կուզենայի, որ նահանգապետ Ռոմնին գոնե նման քննադատական դիրքորոշում ցուցաբերած լիներ նաեւ Հիլարի Քլինթընի նկատմամբ՛՛։

Ոմանք, այդ թվում նախագահական ընտրարշավի ընթացքում Թրամփի նախկին մրցակիցներից սենատոր Թեդ Քրուզը գովեստով են խոսում վարչակազմի պաշտոնյաների ընտրության ընթացքի մասին։

՝՝Ես նաեւ ողջունում եմ առաջին 1ՕՕ օրերի ընթացքում շատ արագ գործունեություն ծավալելու՝ փոքր բիզնեսների առջեւ ծառացած արգելքները վերացնելու ու աշխատատեղեր բացելու նրանց ծրագիրը։ Դա է նախագահի ամենաառաջնային պարտականությունը՛՛։

՝՝Մենք՛՛, ասում է Քրուզը, ՝՝ստացել ենք փոփոխություններ իրականացնելու մանդատ։ Հանրապետականները ստացել են Սպիտակ տան վերահսկողությունը, գործադիր իշխանութան բոլոր ճյուղերն ու Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը։ Մենք չենք կարող այդ ամենը մի կողմ դնել։ Մենք պիտի այդ ամենը ճիշտ կառավարենք՛՛։

Իսկ ավելի առաջադեմ գործիչները հորդորում են Թրամփին հավատարիմ մնալ ընտրարշավի ընթացքում տրված իր այն խոստումներին, որոնք հակառակ Հանրապետական կուսակցության հիմնական մասի տեսակետների, նախատեսում են պահպանել ծերերի ու աղքատների համար Ամերիկայում առկա պաշտպանվածությունը։

Սենատոր Բերնի Սանդերսը հիշեցնում է նախընտրական արշավում Թրամփի այն խոսքերը, թե ինքը միակ հանրապետականն է, որը չի կրճատելու սոցիալական ապահովությունը, Մեդիքերը ու Մեդիքեյդը։

՝՝Սակայն Հանրապետական կուսակցության շարքերում կան գործիչներ, որոնք ցանկանում են զանգվածային կրճատումներ Մեդիքերի համակարգում։ Հիմա հարցն այն է, թե արդյոք Թրամփը հավատարիմ կմնա իր խոստումներին՛՛։

Թրամփը մինչեւ հունվարի 2Օ-ին նախագահական երդման արարողությունը լրացնելու է կառավարության գլխավոր պաշտոնները։ Ավելի ցածր մակարդակի նշանակումները նա կանի արդեն նախագահի պաշտոնում։

XS
SM
MD
LG