Մատչելի հղումներ

Կիրակի օրը Թուրքիան մեղադրել է «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ Սիրիայում Թուրքիայի կողմից օժանդակվող ընդդիմադիր զինյալների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ:

Թուրքական ռազմական գերատեսչությունը տարածել է հայտարարություն, ուր ասված է, որ թուրք-սիրիական սահմանի մոտ տեղակայված Ալ-Ռայիայի բնակավայրի հրթիռային ռմբակոծումից հետո 22 զինյալների մոտ ի հայտ է եկել քիմիական գազից թունավորմանը բնորոշ նախանշաններ: Ռազմական գերատեսչությունը, սակայն, չի մասնավորեցրել, թե այդ հարձակումն, երբ է տեղի ունեցել:

Վիրավորները տեղափոխվել են թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաք, ուր ստուգումներ են անցկացվում՝ պարզելու քիմիական զենքից թունավորման հավանականությունը:

2011 թվականից ի վեր սիրիական հակամարտության պատմության մեջ հայտնի են քիմիական զենքի օգտագործման մի քանի դրվագներ, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Քիմիական զենքի օգտագործման արգելման կազմակերպությունը օգոստոսին հրապարակած իր զեկույցում նշում է, որ կան հստակ ապացույցներ, որ Սիրիայի կառավարական բանակն երկու անգամ քլորինային գազ է կիրառել Սիրիայում, իսկ ԴԱԻՇ-ը՝ մեկ անգամ մանանեխի գազ: Զեկույցը կոչ է անում պատասխանատվության ենթարկել գազային հարձակումների մեղավորներին:

XS
SM
MD
LG