Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գոհ են Թրամփի հետ զրույցից


Մինչեւ ընտրվելը, Թրամփը բազմիցս էր հայտարարել, որ ԱՄՆ-ը չափից ավելի է վճարում ՆԱՏՕ-ին ու բազմիցս էր խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու մասին, ինչը մտահոգությունների ալիք էր բարձրացրել Ուկրաինայում եւ ՆԱՏՕ-ի անդամ պետություններում:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ հեռախոսային զրույցների ընթացքում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը ցուցաբերել է երկու կողմերի հետ էլ աշխատելու եւ աջակցելու շուրջ հետաքրքրություն:

Ուկրաինայի նախագահն ասել է, թե հեռախոսազրույցի ժամանակ նախագահի պաշտնում ընտրված Թրամփը վեր է հանել Ռուսաստանի կողմից իրականացված ագրեսիայի եւ Ղրիմի բռնակցման հարցերը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Քլոդ Յունքերի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Պորոշենկոն ասել է, թե. “Ես ստացա արեւելյան Ուկրաինայի ու Ղրիմի մասին Թրամփին մանրամասն տեղեկություններ հաղորդելու հնարավորություն”:

Պորոշենկոն ասել է նաեւ, թե իր երկիրն ԱՄՆ-ի Կոնգրեսում վայելում է երկու կուսակցությունների աջակցությունը եւ չի սպասում նշանակալի փոփոխություն այդ ուղղությամբ:

Իր կողմից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը Անգլիայի Օքսֆորդի համալսարանում մեջբերել է Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ ուժեղ աջակցության մասին Թրամփի խոսքերը:

“Միացյալ Նահանգները կշարունակի հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին ոչ միայն այն պատճառով, որ Դոնալդ Թրամփն այդ մասին հստակ իր դիրքորոշումն է արտահայտել ինձ հետ հեռախոսազրույցի ընթացքում, այլ նաեւ այն, որ հզոր ՆԱՏՕ-ն կարեւոր է ոչ միայն Եվրոպայի, այլ նաեւ` ԱՄՆ-ի համար”:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրարշավի ընթացքում Թրամփը բազմիցս էր հայտարարել, որ ԱՄՆ-ը չափից ավելի է վճարում դաշինքին: Նա նաեւ ասել էր, թե ՆԱՏՕ-ն հնացած է իր էությամբ:

XS
SM
MD
LG