Մատչելի հղումներ

Մյանմարում ազգային մաքրազտում է իրականացվում ազատ ընտրություններից մեկ տարի անց


Մեկ տարի առաջ Մյանմարում անցած 25 տարիների ընթացքում անցկացվեցին առաջին ազատ ընտրությունները։ Սակայն ժողովրդավարության մեծ հույսեր ներշնչող իշխանությունների օրոք սկսվել է անողոք պայքար ընդդեմ ազգային մի փոքրամասնության։

Մյանմարը ցանկանում է իր տարածքում իրականացնել ազգային մաքրազտում՝ ընդդեմ մահմեդական ռոհինգյա փոքրամասնության։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականության հարցերով գործակալության ներկայացուցիչ Ջոն ՄաքՔիսիքը։ Ռախայն նահանգում ռոհինգյա ժողովրդի դեմ է հանվել բանակը։ Հոկտեմբերի սկզբին 9 զինվորականների սպանությունից հետո, երբ քաղաքական մի շարք գործիչներ հայտարարեցին, որ հարձակումը նախաձեռնել էր ռոհինգյաների զինված մի խումբ, բանակն իրականացնում է համատարած պատժիչ գործողություններ, իրականացնում է սպանություններ, թիրախ ընտրելով նույնիսկ երեխաներին։ Զինվորականները բռնաբարում են կանանց, վառում տները՝ ստիպելով նրանց անցնել գետը ու հատել հարեւան Բանգլադեշի սահմանը։

Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունն ավելի վաղ հրապարակել էր ռոհինգյային պատկանող 1 2ՕՕ տներ հրի մատնելու մասին արհեստական արբանյակներից նկարահանված լուսանկարներ։ Իսկ ահա Մյանմարի իշխանությունները հայտարարում են, թե մահմեդական ռոհինգյաներն իրենք են այրում իրենց տները՝ միջազգային աղմուկ բարձրացնելու նպատակով։

Ռոհինգյաները, որոնց թիվը հասնում է մեկ միլիոնի, հիմնականում բուդդիստական Մյանմարի կողմից համարվում են բանգլադեշցի անօրինական փախստականներ։ Ու չնայած նրանք այստեղ են բնակվում արդեն մի քանի սերունդ, չունեն Մյանմարի քաղաքացիություն ստանալու իրավունք։

Չնայած հարեւան Բանգլադեշն ունի սահմանային խիստ հսկողություն, այս երկրի իշխանությունները հայտարարում են, որ մի քանի հազար ռոհինգյաներ անցել են սահմանը ու մի քանի հազար էլ, անցնելով գետը, սպասում են սահմանին։ Ինչպես ՄԱԿ-ի ներկայացուցիչն է ասում, Բանգլադեշի կառավարությունն այժմ կանգնած է երկընտրանքի առջեւ։ Փախստականների առջեւ սահմանը փակ պահելով՝ հազարավոր մարդկանց թողնում է մահվան վտանգի տակ։ Սահմանները բացելով՝ թույլ է տալիս Մյանմարի իշխանություններին իրականացնել ռոհինգյաներից այս երկիրը մաքրազտելու ծրագիրը։

Իսկ Մյանմարի իշխանությունները նախագահի խոսնակի միջոցով կոչ են անում ՄԱԿ-ի ներկայացուցչին ՝՝պահպանել պրոֆեսիոնալիզմը՝ նրա հայտարարություններն անվանելով ՝՝պարզ մեղադարնքներ՛՛։ ՝՝Նա իր որեւէ արտահայտություն պիտի հենի հստակ փաստերի վրա՛՛, հայտարարել է խոսնակը, չնշելով այն փաստը, որ իշխանություններն արգելել են օտար լրագրողների մուտքը Ռախայն, ուր իրականացվում են ռազմական գործողությունները։

Հիշեցնենք, որ անցած 25 տարիների ընթացքում Մյանմարում մեկ տարի առաջ անցկացվեցին առաջին բաց ընտրությունները, որոնց արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց Նոբելյան մրցանակակիր Օնգ Սան Սու Չիի Ժողովրդավարության ազգային լիգա կուսակցությունը։ Չնայած Չին չունի նախագահի պաշտոնում ընտրվելու իրավունք, նա է համարվում երկրի փաստացի կառավարիչը։ Ու աշխարհին զարմանք ու տարակուսանք է պատճառում այն հանգամանքը, որ մինչեւ իշխանության գալը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ, իշխանության գալով, երկիրը վերածվում է օտարամերժության կենտրոնի, ուր հրացանի փողի տակ են հայտնվում նույնիսկ երեխաները։

XS
SM
MD
LG